Արթուր Ղազինյան. Այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը կասկածներ ունի, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է, իսկ նպատակը ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելն է։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։
88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ և միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված և ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։
Էմոցիաներից զերծ և սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունել այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։
Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական և հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության և թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվել դարձած ձայնային ելևեջների ճնշման ներքո։
Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, և այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի։
Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու . . .»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան