Նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է. Գոհար Մելոյան
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում սահմանված ընթացակարգի համաձայն նման կարգավորում չկա։ Եթե առաջին ընթերցմամբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, այն հետևանք չի ունենում՝ ընդամենը չի ընդունվում։ Այնպիսի կարգ սահմանված չէ, որ նշված դեպքում նախագիծը կարող է հանրաքվեի դրվել։ Հանրաքվեի կարող է դրվել բացառապես հետևյալ ընթացակարգով։ Եթե առաջին ընթերցմամբ ընդունվում է, ապա մինչև երկրորդ ընթերցումը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխության հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում ԱԺ նախագահն այն ուղարկում է ՍԴ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ եթե այս որոշումը ևս չի ընդունվում, նախագիծը կրկին հետևանք չի ունենում՝ ուղղակի չի անցնում ու չի դրվում հանրաքվեի։
«Եթե սահմանադրական փոփոխության վերաբերյալ Սահմանադրական դատարանը դրական դիրքորոշում է հայտնում, նախագիծը նոր միայն ներկայացվում է երկրորդ ընթերցման։ Երկրորդ ընթերցումը հերթական նիստերի ընթացքում է տեղի ունենում։
Եթե երկրորդ ընթերցման արդյունքում նախագիծը չի ընդունվում, նոր միայն կարող է հանրաքվե անցկացնելու որոշման վերաբերյալ քվեարկության դրվել։
Այսինքն, միայն այս բոլոր ընթացակարգերը սպառելուց հետո է հնարավոր փոփոխությունը հանրաքվեի դնել»,-շեշտեց իրավաբանը։
Գոհար Մելոյանը հավելեց, որ նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է.«Իրենք փորձում են փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային դրույթում, որն արդեն կիրառվել և սպառել է իրեն։ Այսինքն, 2018թ. ապրիլի 9-ից Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել, և նախկինում ՍԴ անդամները և նախագահը արդեն սկսել են գործել նոր՝ 2015թ. ընդունված Սահմանադրության կարգավորումներին համահունչ։ Մեր երկրում ՍԴ անդամներ չկան, ՍԴ-ն բաղկացած է դատավորներից։
Եթե ապօրինի փաստաթուղթը ապօրինի կարգով դրվում է հանրաքվեի, ապա իրավական, ժողովրդավարական սկզբունքներ, սահմանադրական օրենքների կարգավորումներն են խախտվում։Եթե նմանաբնույթ խախտումներ կատարելով գնան հանրաքվեի, ապա այդ հանրաքվեի արդյունքները չեն կարող իրավաչափ լինել»։
Մեր զրուցակիցը նաև մի շարք վտանգների ու հետևանքների մասին մատնանշեց. «Արդեն մենք ականատես ենք լինում գործնական քայլերի, երբ սևով սպիտակի վրա, փաստաթղթավորված արձանագրվում է իրավական և ժողովրդավարական սկզբունքների ոտնահարում։
Արդեն ոտնահարվում է իշխանությունների տարանջատման՝ իրավական պետության հիմնարար սկզբունքը, իրավունքի գերակայության սկզբունքը և այլն»։ Գոհար Մելոյանն ընդգծեց, որ, առհասարակ, սահմանադրական փոփոխության նախագծերի դեպքում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալը պարտադիր պահանջ է։ «Այս պահանջը շրջանցվում է։
Կարծում եմ՝ իշխող ուժն էլ է գիտակցում, թե վերոնշյալ օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնարավոր դիրքորոշումն ինչպիսին կլինի։
Մյուս կողմից՝ առհասարակ սա մեծ վնաս է մեր պետության միջազգային հեղինակությանը։
Իշխող ուժի կողմից սա լրջագույն հարված է մեր պետության իրավական հենասյուներին, մեր պետության ներքին իրավական անվտանգությանը, որովհետև իրավունքի գերակայությունը, իշխանությունների տարանջատումը, սահմանադրական արդարադատության իրականացումը յուրաքանչյուր պետության իրավական անվտանգության հիմնարար հենասյուներն են»,-եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան