Նախարարությունը խոսում է ոչ թե հիվանդների, այլ եզրույթի մասին
Այսօր մի քանի լրատվամիջոցներ գրեցին՝ Պուշկինի անվան դպրոցում մեկ տասնյակից ավելի երեխաներ հիվանդացել են խոզի գրիպով։ Դրա հետևանքով մեծ թվով աշակերտներ բացակայում են դասերից։
Առողջապահության նախարարությունն էլ արձագանքել է այս տեղեկատվությանը՝ կենտրոնանալով ոչ թե հիվանդների թվի հստակեցման, դպրոցներում բացակայությունների պատճառների, ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համատեղ քայլերի, այլ հիվանդության եզրույթի վրա։
«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների դեռևս 2010 թվականից «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթն այլևս կիրառելի չէ: «ԽՈԶԱԳՐԻՊ» եզրույթը կիրառվում էր ՄԻԱՅՆ 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված ԳՐԻՊԻ Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունն առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով:
Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշախարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ:
Ի դեպ, արագ ախտորոշիչ թեստերի մասին։ Դրանք իրականացվում են վճարովի հիմունքով, արժե 7000-7500 դրամ։ Սա արդեն պատճառ է, որ շատերը հրաժարվեն թեստերից ու մնան այդպես էլ չախտորոշված։