Սուրբ Սարգսի տոնին ծառայությամբ աչքի ընկած լավագույն զինվորները պարգևատրվեցին
Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրել է մարտական հերթափոխի ընթացքում ծառայությամբ աչքի ընկած լավագույն զինվորներին: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հաղորդագրության համաձայն, պարգևատրվողների ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների են արժանացել 20 զինծառայողներ:
Արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել է Հայաստանի Հանրապետության հիմնը:
Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորել է Ս. Սարգսի տոնի առթիվ՝ մասնավորաբար ասելով.
«Սիրելի՛ք,
Այսօր արագահաս Սուրբ Սարգսի տոնն է, ով առ Քրիստոս ունեցած հավատքով արժանացավ հավիտենական կյանքին և մարտիրոսության պսակին: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Սիրելի՛ զորականներ, քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ձեր խոնարհումը և հաղորդակցությունը բերեցիք Սուրբ Զորավարի մասունքին, զորացաք հոգևոր նորոգությամբ և ուխտեցիք հավատարմորեն ծառայել Աստծուն, Հայրենիքին և ազգին: Այսօր ևս մեկ անգամ սրբի անձնուրացությունը և նահատակությունը ձեզ համար դարձան մշտանորոգ ներշնչանքի աղբյուր, որ խթանն է արիության և հաղթանակների: Սիրելինե՛ր, դուք հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորներ եք, և Աստված ձեզ զորակից ու մարտակից է այդ սրբազան գործում: Մենք հպարտանում ենք ձեզանով, քանզի հիանում ենք ձեր հայրենասիրությամբ: Այսօր սուրբ առաքյալի պատգամն ենք հղում ամենքիդ. «Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության արարողությամբ…., առե՛ք Աստծո սպառազինությունը…, հաստատուն կացե՛ք՝ տեղում պինդ կանգնած, հագե՛ք արդարության զրահը…, և այս բոլորի վրա հագե՛ք հավատքի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» (Եփեսացիս Զ 10-16): Հագե՛ք վահանն անկոտրո՛ւն հավատքի, որ դարձել է «ոչ թե մեր մարմնի վրա եղած հագուստի, այլ մեր մաշկի անփոփոխ գույնը»:
Մեր մաղթանքն է, որ Ամենազոր Աստված խաղաղ և անխախտ պահի հայոց սահմանները: Տերը թող լինի ձեզ պահապան, զորակից և մարտակից, պարգևի անսասան հավատք և ուժականություն՝ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Ամեն»:
Պարգևատրվող զինվորներից շարքային Եփրեմ Մանուկյանը իր և ընկերների անունից շնորհակալություն է հայտնել Նավասարդ Սրբազանին՝ իր խոսքում մասնավորաբար ասելով. «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրելու: Եվ չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր հատվածը էլ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց՝ մեր զոհված ընկերների կյանքի գնով: Խոստովանում եմ, իրականում չեմ պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացնում զինվորական ծառայությունը: Իսկ երբ դարձա հայոց հաղթանակած բանակի զինվոր, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին, և ես պարզապես իրավունք չունեմ վախկոտ լինելու:
Հարգելի՛ ներկաներ, հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ծառայակից ընկերներիս անունից խոսք եմ տալիս, ազնվորեն ծառայել իմ ժողովրդին, անհրաժեշտության դեպքում՝ կյանքս նվիրել հայրենիքիս պաշտպանությանը, ինչպես դա արեցին Մոնթեն ու Դուշման Վարդանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռոբերտ Աբաջանը, Արմենակ Ուրֆանյանը ու նման շատ-շատերը, որոնց արյան գնով ձեռք բերած անկախության ժառանգորդն ու պահպանողն ենք մենք: Սիրելի մայրեր, հանգիստ վայելեք Ձեր խաղաղ օրը, մեր սահմանները ամուր են, որովհետև դրանք ես եմ հսկում, ես ու ինձ նման հազարավոր տղաներ, որոնց համար հայ լինելը մեծագույն պատիվ է, իսկ սեփական ժողովրդին ծառայելը՝ կոչում: Համոզված եղեք մենք արժանի կլինենք այդ կոչմանը»:
Պաշտպանության նախարարության կողմից զինվորներին տրվել է արձակուրդ:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը բերվեցին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
- Այսօր Սուրբ Սարգսի տոնն է
- Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում
- Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին