Այսօր Սուրբ Սարգսի տոնն է
Այսօր նշվում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը։ Հայ առաքելական եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամ օրը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։
Օրվա մեկնարկին երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում։
Այս ժամին արդեն Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի աջը բերվել է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
11:00- Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:
Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
• 12.30. Խաչերթ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Ռազմական ինստիտուտի թմբկահարների ուղեկցությամբ՝ խաչերթին կմասնակցեն եկեղեցու համայնքի անդամները, ռազմական ինստիտուտի սաները: Եկեղեցու բակում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ավարտին տեղի կունանա համերգ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան գեղ. խմբերի մասնակցությամբ: Նվերներ կբաժանվեն նախորդ տարվա ընթացքում Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մկրտված, նշանադրված, պսակադրված Սարգիս անունով երիտասարդներին:
14.30-ին կլինի միանգամից 2 միջոցառում՝ խաչերթ և ցուցահանդես-մրցույթ
14:30- Խաչերթ:
Արդեն ձևավորված ավանդույթով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչերթին:
14:30 - «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ:
Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7-րդ ցուցահանդես-մրցույթը: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Մրցույթին մասնակցում են մինչև 35 տարեկան նկարիչները: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
• 15:30
Տոնական համերգ Սիրահարների այգում:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպված տոնական մեծ համերգին ելույթ կունենան երգիչներ Մարտին Մկրտչյանը, Մրոն, Սիլվա Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Սասունցին ու Վարդան Բադալյանը։ Համերգի երկրորդ մասը ազգային երգուպարով մեծ տոնախմբության կվերածի «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։
Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ:
Պարգևատրում:
Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած 20 զինծառայողների: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան