Ինչպես է Վենետիկում ջրհեղեղն ազդել զբոսաշրջության վրա
Նույնիսկ Վենետիկում անցկացվող ամենամյա դիմակահանդեսը զբոսաշրջիկներին չի գրավում, ինչի պատճառով հյուրանոցների գները 25-30 տոկոսով նվազել են։
Այս մասին ria.ru-ի հետ զրույցում ասել է վենետիկյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Վիտորիո Բոնաչինին։
«Հիմա Վենետիկն իր ամենաերջանիկ օրերը չի ապրում: Մենք դեռ նկատում ենք, որ հյուրանոցներում սենյակների ավելի քան 50%-ն ազատ է: Մենք ավելի շատ չեղարկումներ ենք ստանում, քան ամրագրումներ: Եվ այս ամենը նոյեմբերի 12-ին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղն է», - ասել է Բոնաչինին:
Նա նշել է, որ ԶԼՄ-ներով տարածված ջրհեղեղի կադրերը մարդկանց ստիպել է Վենետիկն ընկալել որպես ոչ անվտանգ քաղաք։
Այնուամենայնիվ, Սբ. Մարկոսի հրապարակում ամբողջ եռանդով պատրաստվում են ամենամյա դիմակահանդեսին։
«Նախորդ տարի դիմակահանդեսի մեկնարկից առաջ,աշխատանքային օրերին սենյակների 70 տոկոսը զբաղված էր: Այժմ ընդամենը 45 տոկոսը: Հանգստյան օրերին հյուրանոցներում ազատ սենյակներ չկային, իսկ այս տարի սենյակների մոտ 70 տոկոսն է ամրագրված։ Զբոսաշրջիկներին ներգրավելու համար մեր հյուրանոցները գները 25-30 տոկոսով իջեցրել են: Այժմ 3 աստղանի հյուրանոցում գիշերակացն արժե 50 եվրո»,- նշել է Բոնաչինին։