Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում․aysor.am
Aysor.am-ն օրերս դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյա՞կ է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի իրականացնում ՍԴ դատավորի լիազորությունները, դատարանի աշխատանքներին չի մասնակցում, փոխարենը միլիոնավոր դրամների աշխատավարձ, հավելավճար և բենզին է ստանում:
Հիշեցնենք, որ Կապանում կայացած ասուլիսում Փաշինյանը հայտնել էր, թե ինքը տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին: «Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», -ասել էր Փաշինյանը:
Հարցին, թե տեղեկանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Aysor.am-ի՝ կառավարություն ուղարկված հարցման նպատակն էր պարզել արդյոք Փաշինյանն այլևս տեղյա՞կ է Գրիգորյանի պահվածքից՝ հաշվի առնելով, որ իշխող խմբակցության անդամների ու անձամբ վարչապետի վերջին շրջանի և, հատկապես, երեկվա ելույթները խիստ քննադատական և վիրավորական գնահատականներ էին պարունակում ՍԴ նախագահի և 6 դատավորների վերաբերյալ, բայց որևէ անդրադարձ չկար դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքին:
Մեր հարցմանն ի պատասխան ևս, կառավարությունից փորձել են շրջանցել թեման՝ տրամադրելով ոչինչ չասող պատասխան:
«Ի պատասխան տեղեկացնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, բացի աշխատավարձի վերաբերյալ կետից»,- ասված է կառավարության՝ Aysor.am-ին տրված պատասխանում։
Կառավարության խուսափողական պատասխանից հասկանալի չէ, թե հարցման մեջ նշված ո՞ր տեղեկությունը «իրականությանը չէր համապատասխանում», քանի որ պաշտոնապես հաստատված փաստ է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելու պահից չի իրականացում դատավորի իր լիազորությունները, փոխարեն հարկատուների միջոցների խոշոր գումարներ է ստանում:
Այս մասին բազմիցս գրել է նաև մամուլը և դժվար է պատկերացնել, որ սոցցանցերի ակտիվ օգտատեր Փաշինյանը այս մասին տեղյակ չէ: Համենայնդեպս, եթե անգամ տեղյակ չէր, պետք է, որ արդեն տեղեկացված լիներ, քանի որ խոստացել էր հետաքրքրվել:
Հավելենք նաև, որ Hraparak.am-ն այսօր գրել էր, որ ԱԺ երեկվա արտահերթ նիկում Նիկոլ Փաշինյանի ելույթը հենց Վահե Գրիգորյանն էր գրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։