Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. Զ.Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Իր ելույթում նախարարը մասնավորապես ընդգծել է.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ:
Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար:
Պարոն նախագահ,
Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։
2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:
Պարոն նախագահ,
Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:
Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:
Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:
Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:
Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:
Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:
Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ:
Եվ վերջում, պարոն նախագահ,
Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,-ասել է նա: