Իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրությանը և օրենքին համապատասխան. Ա.Բաբլոյան
«Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով նոր մեղադրանքը ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։
Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։
Վերջիններս, մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց։
Ավելին, այդ պրոֆեսիոնալ աշխատակիցների իրավական ապահովման վրա որևէ կասկած չեն ունեցել և հիմնվել են ԱԺ նիստին մասնակցած բոլոր 94 պատգամավորները։ Որևէ մեկ պատգամավոր, նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել, չեն հայտնել առարկություն կամ հանդես եկել նախաձեռնությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների վերաբերյալ կամ կասկածի տակ են դրել գործընթացի օրինականությունը։
Ես որպես այդ նիստին մասնակցած պատգամավորներից մեկը, հավասար մյուս 93 պատգամավորների հետ, մասնակցել եմ այդ քվեարկությանը։
Ինչպես հայտնել եմ, իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան և այս քրեական գործը համարում եմ ապօրինի»,-նշել է Արա Բաբլոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին