Հորդանանի նախարար. ՀՀ-Հորդանան սերտ քաղաքական հարաբերությունները պետք անդրադարձ ունենան նաև տնտեսականի վրա
Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև գոյություն ունեն սերտ քաղաքական հարաբերություններ, որոնք պետք է իրենց անդրադարձն ունենան նաև տնտեսական հարաբերությունների վրա։ Այսօր այս մասին լրագրողներին ասաց Հորդանանի արդյունաբերության, սննդի և մատակարարման պարենավորման նախարար Տարիֆ Համուրին՝ Հայաստան-Հորդանան գործարար համաժողովի մեկնակին։
«Այս անգամ մենք այցով գտնվում ենք Հայաստանում Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ։ Մեր պատվիրակության կազմում կան մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ կանցկացնեն ՀՀ մասնավոր սեկտորի հետ՝ նրանց միջև կապերի էլ ավելի ամրապնդման համար։ Հանդիպումներն իրենց անդրադարձը պետք է ունենան առևտրային ու տնտեսական փոխանակումների վրա, որը մենք կոչում ենք բիզնեսը բիզնեսի հետ հանդիպումներ», - ասաց նախարարը։
Տարիֆ Համուրին նշեց, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել բազում ոլորտներում, որոնցից առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ Հայաստանը բավականին առաջադեմ է այդ բնագավառում, Հորդանան էլ լուրջ զարգացումներ ունի այս ոլորտում։
«Ես այս ոլորտում տեսնում եմ մեծ հեռանկարներ։ Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներ կան նաև տուրիզմի ոլորտում։ Հորդանանում կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը, բացի այդ կան նաև մի շարք տեսարժան վայրեր», - ասաց Տարիֆ Համուրին։
Հայաստան-Հորդանան գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։
Հիշեցնենք, որ այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: