Վենետիկի ջրային շքերթն ուղեկցվել է սկանդալով
«Պանտեգանա» անունով նավակը, որը ջրային առնետի տեսք ունի, բացել է Վենետիկի ամենամյա ջրային շքերթը: Գործողությանը հետևել են հազարավոր զբոսաշրջիկներ, չնայած նրան, որ այս տարի շքերթին մասնակցել է շուրջ 100 նավակ պակաս, քան անցյալ տարի:
Եվրանյուզը գրում է, որ հունվարին վենետիկյան թիավարական ակումբներին մերժել էին մուտքը Մեծ ջրանցք, քանի որ վերջիններս բողոքի ակցիա էին արել ալիքների կողմից նավակներին հասցված վնասի կապակցությամբ: Այս տարի շքերթին մասնակցում էին հիմնականում մոտակա մայրցամաքային շրջանների թիավարական ակումբները:
Ջրային շքերթը վենետիկյան հանրահայտ դիմակահանդեսի առաջին միջոցառումներից է և ամենագեղեցիկներից մեկը: Մասնակիցներն ամեն տարի նոր կերպարներ են մտածում իրենց նավակների համար: Վենետիկյան դիմակահանդեսն այս տարի անցկացվում է փետրվարի 8-ից 25-ը: