Կրթությունը՝ առանց ողնաշարի
2019 թվականի հունիսից մինչև այժմ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներին հայտնի չէ իրենց կարգավիճակը: Այսօր նրանք կրկին հավաքվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց՝ փորձելով պարզել, թե իրենք նորից աշխատելու են, թե ոչ: Նրանք նշում են, որ իրենց ամեն ամիս խաբում են՝ թե հաջորդ ամիս կլինի:
«Պետք է կրթական հիմնադրամ լինի, ինչի համար կանոնադրություն պետք է ստեղծվեր: Մինչև այժմ պատրաստ չէ այն, քանի որ ոչ կոմպետենտ անձնակամզ է ընտրվել, աշխատել են այնպիսի մարդիկ, մինչև հիմա չեն կարողանում լուծել այդ հարցը: Չեն ընտրում այն մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքների համար»,- ասաց Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներից մեկը:
Կրթության ազգային ինստիտուտի 300 աշխատակից այժմ գործազուրկ է:
«Սխալ է ասել, որ Կրթության ազգային ինստիտուտը միայն վերապատրաստումներ էր անցկացնում: Բազմաբնույթ աշխատանքներ ենք կատարել՝ սկսած ծրագրերի մշակումից, լրամշակումից, չափորոշիչների կազմումից, գրականության դասագրքերի փորձաքննությունից, օրենսդրական նյութերի լրամշակումից: Բազմաթիվ աշխատանքների ֆոնի վրա հանկարծ վեր են հանում, որ չի կատարվել լավ վերապատրաստումներ: Մի քանի ուսուցիչ ֆեյսբուքյան իրենց էջերում նման արտահայտություններ էին անում: Կարծում եմ՝ ֆեյքեր են, իսկական ուսուցիչը չէր կարող նման բան անել: Մեզ շարունակում են ուսուցիչները զանգահարել ու խորհուրդներ հարցնել: Խախտվել է ուսուցչի՝ Կրթության մասին օրենքով սահմանված այն դրույթը, որ 5 տարին մեկ պետք է վերապատրաստում անցնեն: Ո՞ւմից աջակցություն ստանան այդ ուսուցիչները: Տվել են ՀԿ-ների: Բայց ՀԿ-ն ի՞նչ է հասկանում վերապատրաստումից: Ցանկացած ՀԿ կարող է վերապատարաստում իրականացնել, բայց ովքե՞ր են»,- ասում են աշխատակիցները:
Նախկինում ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների հետ հանդիպումներ են ունեցել, ասել են, որ հիմնադրամ է բացվելու, որտեղ աշխատելու են սահմանափակ թվով մարդիկ, շուրջ 60 հոգի, սակայն դա էլ չի բացվել, նույնիսկ բյուջեում որևէ կետ չկա, որ նման կառույց է ֆինանսավորվելու:
«Ակնակալում ենք, որ այդպես էլ կշարունակվի, ոչ մի բան էլ չի բացվի»,- ընդգծում են Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները:
Նրանց պահանջն է՝ ոչ թե ինչ-որ հիմնադրամ բացվի, այլ վերականգնվի Կրթության ազգային ինստիտուտը:
Ռուսաց լեզվի մասնագետ, գիտությունների թեկնածու Կարինե Թամիրօղլյանն ասաց, որ Կրթության ազգային ինստիտուտը երկրի կրթության ողնաշարն է, տարբեր երկրներում նման ինստիտուտներ կան:
«Ինչու էր պետք փակել, այս ձևով մեզ վերաբերվել, ուղղակի զարմացած ենք մնացել: Ոչ մի բացատրություն, հիմնավորում, ոչինչ չկա: Միայն խոստումներ արդեն մեկ տարի»,- նշեց նա:
Նրանք տեղեկացրեցին, որ իրենց ընդունելու է նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: