Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են. Ճապոնիայի դեսպան
«Այս տարի անցկացվելու են ամառային 32-րդ օլիմպիական խաղերը, և մեզ համար շատ մեծ պատիվ է հյուրընկալել օլիմպիական խաղերը Ճապոնիայում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նրա խոսքով, օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են. «Ես հուսով եմ, որ արդյունքը շատ լավն է լինելու»։
Յամադան նշեց, որ Ճապոնիայում կառուցվել է նոր մարզադաշտ, որը կարող է 68 հազար հոգու հյուրընկալել։
«Մարզադաշտի կառուցումը տևել է 3 տարի։ Հիմնական միտքն այն էր, որ շատ մեծ գումար չծախսվեր աշխատանքների վրա։ Եվ մենք օգտագործելու ենք նախորդ անգամներից մնացած որոշ սարքավորումներ, սակայն ավելի վերանորոգված մարզադաշտում։ Սրանք երկրորդ ամառային օլիմպիական խաղերն են, որ անցկացվելու են Ճապոնիայում. առաջինն անցկացվել է 1964 թվականին։ Այդ ժամանակ մենք նոր սարքավորումներ ենք ներդրել, և շատ բաներ սարքին են, ու կարող ենք հիմա էլ օգտագործել»,- ասաց Յամադան։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, կա մեկ համընդհանուր գաղափար, որ Ճապոնիան փորձում է պահպանել օլիմպիական խաղերում՝ դրանք պետք է լինեն համայն մարդկության համար։
«Մենք ունենք մեկ այլ ուղերձ, որն այս տարի լինելու է գլխավորը՝ ցույց տալ աշխարհին, թե ինչպես ապրել ներդաշնակության մեջ բնության հետ։ Այսինքն՝ ոչ թե պայքարել բնության դեմ, այլ ապրել դրա հետ ներդաշնակ։ Բացի այդ ցույց տալ, թե որքանով է կարողացել Ճապոնիան վերականգնվել 2011 թվականի ցունամիից 9 տարի հետո»,- նշեց Յամադան։
Բանախոսն ասաց նաև, որ շատ կարևոր է ապահովել հարմարավետությունը՝ թե մասնակիցների և թե մարզիկների համար։ Ըստ նրա, քանի որ հուլիս-օգոստոսին ամենաշոգ և ամենախոնավ ժամանակահատվածն են, ամեն ինչ արվելու է, որպեսզի օլիմպիական խաղերին մասնակիցների համար ապահովվի լավագույն պայմանները։
Դեպսանը միաշամանակ ընդգծեց, որ խաղերն անցկացվելու են ոչ միայն Տոկիոյում, այլ նաև Ճապոնիայի այլ քաղաքներում. «Օրինակ, մարաթոնը տեղի է ունենալու հյուսիսային քաղաքներից մեկում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները և մասնակիցները ոչ մի անհարմարություն չկրեն»։
Անդրադառնալով մարզական ոլորտում հայ-ճապոնական համագործակցությանը՝ Յամադան ասաց, որ Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի ճապոնական Մինամիայզու քաղաքում. «Ամեն երկրին հյուրընկալելու է ճապոնական մի քաղաք։ Այս քաղաքը ընտրել է Հայաստանը, քանի որ այնտեղ տեղի բնակիչները շատ հետաքրքրված են ըմբշամարտով։ Օլիմպիական խաղերից հետո Հայատանի հավաքականը գնալու է այդ քաղաք հանգստանալու, և հուսամ՝ հաղթանակները տոնելու»։
Հարցին, թե օլիմպիական խաղերին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն, դեսպանը նշեց, որ վիզա է անհրաժեշտ՝ Ճապոնիա մեկնելու համար. «Մենք կփորձենք հնարավորինս արագացնել գործընթացը, երբ մարդիկ դիմեն։ Վիզա ստանալու համար պետք է մի քանի օր շուտ դիմել, 4 աշխատանքային օրվա ընթացքում մենք կտրամադրենք»։
Դեսպանի խոսքով, Ճապոնիան ակնկալում է դիմավորել օլիմպիկ խաղերի 11090, և պարաօլիմպիկ խաղերի՝ 4400 մարզիկի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա