Եթե պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ, հարցը որոշող սուբյեկտը ՍԴ-ն է լինելու. Վարդանյան
«Եթե ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ՝ վիճարկելով ԱԺ որոշումը, կամ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու սուբյեկտը, որը որոշելու է՝ կասեցնել, թե չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին՝ իշխանությունն ուղարկելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով, Վարդանյանը պատասխանեց՝ լրացուցիչ քննարկումներ են անհրաժեշտ՝ հասկանալու ինչպիսին է իշխանության մոտեցումը հարցին։
«Կան հարցեր, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին, պետք չէ ուղարկել միջազգային փորձաքննության։ Ես չեմ բացառում և չեմ հաստատում նախագիծը միջազգային փորձաքննության ուղարկելը, բայց եթե օրինակ, պետությունը որոշել է փոփոխություն կատարել իր ազգային օրհներգում կամ մայրաքաղաքը փոփոխել, օրինակ, Ղազախստանը վերջին շրջանում որոշեց վերանվանել մայրաքաղաքը և Աստանա քաղաքը վերածվեց Նուր Սուլթանի։ Իմ կարծիքով, էս կարգի նախագծերը չպետք է ուղարկել միջազգային փորձաքննության»,- նշեց Վարդանյանը։
Դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակաիրավական է, և Սահմանադրության անցումային դրույթները ընդհանրապես չպետք է փոխվեն, Վարդանյանն արձագանքեց՝ եթե ՀՀ ՍԴ-ում չմնա որևէ դատավոր, ով նշանակվել է նախքան Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթը կհամարվի իրացված.
«Տվյալ պարագայում այս դրույթը իրացված չէ, և ՍԴ-ի 9 դատավորներից 7-ի այնտեղ գտնվելու հիմքը հենց 213-րդ հոդվածն է։ Այն շարունակում է գործել»։
Վարդանյանը մանրամասնեց՝ ինչու խորհրդարանը գնաց հանրաքվե անցկացնելու ճանապարհով։ Ըստ նրա, պատճառն այն է, որ նմանատիպ խնդիրները որևէ երկրում չունեն լուծում, որը հնարավորություն կտա սահմանադրական կանոնակարգումների շրջանակում վերջացնել վեճը։
«Կան երկրներ, որտեղ 5-10 տարով մնում է էս վեճը, կան երկրներ, որտեղ ՍԴ-ում տարիներով թափուր տեղեր են լինում, և այս առճակատումը որևէ բանի չի հանգեցնում, արդյունքում՝ տուժում է պետականությունը։ ՀՀ-ում իրավիճակը փոքր-ինչ այլ է մի պարզ պատճառով. ՀՀ-ն տարիներ առաջ անցել է խորհրդարանական կառավարման ձևի։ Խորհրդարանական կառավարման ձևի մաս կազմող ինստիտուտների մեծ մասը դեռ ամբողջությամբ իրացված չէ։ Տվյալ պատագայում այսպիսի բաց հակամարտությունը ՍԴ-ի կողմից և այս քննարկումները որևէ եղանակով թույլ չեն տալիս բարձրացնել ՀՀ-ում սահմանադրական անվտանգության մակարդակը»,- եզրափակեց խոսքը Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ձայների 88 կողմ, դեմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է ՀՀ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
- ՍԴ հարցով հարաքվեն ավելի կարևոր է, քան ջերմուկցիների առողջ ապրելու իրավունքի իրացումը. Սահակյան
- 88 կողմ, 15 դեմ. Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան