Ցմահ դատապարտյալին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին
«Առաջարկում ենք սահմանել, թե որ դեպքում Արդարադատության նախարարությունը չի քննարկի դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը և այն կվերադարձնի»,- խորհրդարանում այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
Ներման մասին օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացնում է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվում է օրենքով նախատեսված այլ հիմքով։ Այս պարագայում, ըստ Գալյանի, ներման խնդագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով։
Նա նշեց, որ կառավարություն ներկայացրած «Ներման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում սահմանվել է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը 10-օրյա ժամկետում ներկայացնելուն.
«Ներկայացվել է նաև մեկ այլ ժամկետ՝ անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու համար, և ներկայիս սեղմ ժամկետների փոխարեն սահմանվել է 45 օր։ Ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների հստակ պաշտպանության մեխանիզմ՝ լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյունից։ Սահմանվել է հետևյալը՝ առանձնապես ծանր հանցագործությունից տուժողներին կամ իրենց իրավահաջորդներին անհրաժեշտ է մինչև հանձնաժողովի նիստը կայանալը ծանուցել դրա մասին, և նրանց հնարավորություն ընձեռել գրավոր ներկայացնել իրենց կարծիքը»։
Ըստ Գալյանի՝ կարգավորվել է նաև ներման խնդրագիրը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով պայմանավորված ներման նոր խնդրագիր ներկայացնելու կարգը։ Մասնավորապես, ներկայացվել է բացառիկ դեպքերի ցանկը, որը հնարավորություն կտա երկրորդ անգամ ներման խնդրագրով դիմելու նախարարությանը։
«Բացառիկ կարող են ճանաչվել, օրինակ, դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, ՔԿՀ-ում առաջացած արտակարգ իրավիճակում դատապարտյալի ցուցաբերած բացառիկ օգնությունը»,- նշեց Գալյանը։
Նախագծով առաջարկվում է նաև որոշակի ժամկետով և ցմահ ազատազրկման դատապարտյալներին ավելի վաղ ժամկետում ներում շնորհելու հնարավորության ընթացակարգ։
Գալյանը հստակեցրեց՝ ամրագրվել է, որ որոշակի ժամկետով ազատազրկան դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի օրենքով սահմանված մասի կեսը.
«Ցման դատապարտյալների հետ կապված սահմանվել է, որ ներում կարող է շնորհվել, եթե նրանք կրել են ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց՝ ստացվում է, որ մի քանի հանցագործության համար օրենք ենք փոխում. «Խնդիրն այն է, որ մենք հիմք ենք ընդունում պատժի կրման ժամանակահատվածը՝ որպես չափանիշ, իսկ տուժողն այդ չափանիշներին որևէ հասանելիություն չունի, ձևական բնույթ է կրում նրա մասնակցությունը, էն էլ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով։ Ստացվում է, որ մենք մի քանի հանցագործության համար օրենքը փոխում ենք՝ հստակ գիտակցելով, որ տուժողը չի կարող կարծիք հանձնել փաստերի շրջանակում, որ առաջարկվում է»։
Նա նաև ասաց, որ եթե տուժողը պետք է գա և կարծիք հայտնի՝ ներում է, կամ չի ներում, ապա պետք է հասկանալ՝ արդյոք այդ կարծիքը հաշվի առնելը չի խաթարում սահմանադրական դրույթը։ Ըստ նրա՝ այդ գործընթացը հանրային հարաբերություններից բխող է։
«Հանրապետության նախագահը կարծիք հայտնելուց պիտի՞ հաշվի առնի տուժողի տեսակետը, թե չէ։ Եթե մենք գնում ենք էն գործընթացին և ասում ենք, որ պետք է հաշվի առնել տուժողի կարծիքը, ապա պետք է կարգավորեն ոչ թե միայն առանձնապես ծանր հանցագործությունները, այլ մնացած գործերը ևս։ Կամ պիտի տուժողին հնարավորություն տալ, որ ինքը ունենա հասանելիություն այն չափանիշներին, որ կիրառվելու են, կամ եթե պիտի գա և ասի՝ ներում եմ, կամ ոչ, ապա պիտի հասկանանք՝ նախարարությունն ինչպե՞ս պիտի դա օգտագործի»,- նշեց Բաղդասարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան