«Համաճարակային ֆիլտր». չի թույլատրվել 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ
Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային։