Բաբաջանյան փողոցի բնակիչներ. Հյուսիս-հարավն այստեղով չի անցնելու
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 10 ու հարակից շենքի բնակիչներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում հենց իրենց բակում։ Բողոքող քաղաքացիների մոտ ոստիկաններ են ուղարկվել։
Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, որ քանդեն բնակիչների ավտոտնակները։ Բնակիչները մտավախություն ունեն, որ ավտոտնակների տեղով քաղաքային իշխանությունները մտադիր են Հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածն անցկացնել։
«Էս բակում լիքը երեխաներ կան, որ հենց այստեղով՝ մուտքից մի քիչ այն կողմ ճանապարհ են ուզում տանել, դա անվտանգության խնդիր է։ Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները մեզ համար անվտանգության գոտի ապահովեն։ Պատկերացնո՞ւմ եք, երեխան շենքից դուրս է գալիս ու ընկնում մեքնեայի տակ, կամ մի հարբած վարորդ մտնում է շքամուտք»,-ասում են նրանք՝ նշելով, որ դեմ չեն ավտոտնակների քանդմանը։
Եվ իրոք, տեխնիկան անարգել սկսեց քանդել ավտոտնակները։
«Փոխքաղաքապետը մեզ ասել է, քանի դեռ փոխհամաձայնության չենք եկել, ճանապարհը չի կառուցվելու։ Ավտոտնակները թող քանդեն, բայց մենք չենք թողնելու ճանապարհը սարքեն։ Մեզ այլընտրանքային ոչինչ չեն առաջարկել, մեր բոլորի տեղաշարժը սահմանափակվում է, վտանգի տակ է դրվում»,-նշում են նրանք։
Բնակիչները չեն հավատում, որ ավտոտնակների տեղում քաղաքային իշխանությունը պուրակ է կառուցելու, ասում են՝ տեսել են ճանապարհի նախագիծը։