Նախադպրոցական կրթության նախագիծը Սահմանադրական փոփոխությունների պես մի բան է
«Մինչև 2023 թվականը նախադպրոցական ուսումնական հաստատություններ պետք է հաճախի մինչև 6 տարեկան երեխաների 70 տոկոսը»,- այսօր խորհրդարանում նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով, այժմ նախադպրոցական հաստատություններ հաճախելիությունը մոտավորապես 40 տոկոս է, ինչը, ըստ նրա, կապված է նաև մանկապարտեզների հասանելիության հետ. առաջին՝ դրանց թիվը քիչ է, երկրորդ՝ տարիներ շարունակ հարյուրավոր մանկապարտեզների տարածքներ սեփականաշնորհվել են։
«Օրինակ Երևանում ես բախվում էի նրան, որ կան մանկապարտեզի շենքեր, որոնց մի մասը մասնավորեցված է։ Սրանից մեծ պահանջարկ է առաջացել։ Իսկ մեզ համար նախադպրոցական կրթությունը կարևոր է»,- նշեց Հարությունյանը։
Ըստ նախարարի, նախադպրոցական կրթության նախագիծը Սահմանադրական փոփոխությունների պես մի բան է, քանի որ այն սերունդը, ում համար նախատեսված է օրենքի նախագիծը, վերջնականապես և դրական առումով փոխելու է Հայաստանը. «Ամենասկզբում լավ ռելսերի վրա ենք դնում կրթական գործընթացը»։
Հարությունյանը նշեց, որ նախադպրոցական ծառայությունների ապահովում պետք է լինի ոչ միայն քաղաքային, այլ նաև գյուղական համայնքներում.
«Այդ թվում հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար պետք է հավասար պայմաններ ստեղծվեն։ Այժմ մենք բախվում ենք իրողության, երբ քաղաքաբնակ և գյուղաբնակ նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված են անհավասար պայմաններ։ Էդ անհավասար պայմանների պատճառներից մեկն էլ քաղաքային տնտեսության և այդ համայնքի տնտեսության զարգացման տարբերություններն են, ինչը համայնքներին թույլ չի տալիս ունենալ նախադպրոցական ուսումնական հաստատություններ»։
Հարությունյանի խոսքով, մանկապարտեզներում երեխաերի սննդի հետ կապված ևս որոշակի կարգավորումների խնդիր կա։
«Սննդի հետ կապված ֆինանսավորումը մանկապարտեզից մանկապարտեզ տատանվում է օրական 50-800 դրամից սահմանում։ Մենք էստեղ լուրջ խնդիր ունենք, որ երեխաների սննդակարգը հստակ լինի, և հենց մանկապարտեզային տարիքից մենք ուշադրություն դարձնենք երեխաների առողջ ապրելակերպին»,- ասաց Հարությունյանը։