Զոհեր բանակում՝ ինչու է այսպես
«Հա, որ քիչ ա զոհերը՝ ասենք շատ ա, հանգստանա՞նք: Մեր նպատակն է, որ զոհ չունենանք, ուզում ենք դա, եթե ձևը գիտեք արեք միասին աշխատենք: Էտ ձևը կտարածենք աշխարհի մյուս բանակների վրա էլ»,- փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Պատկան մարմիններն ասում են, որ բանակում խաղաղ պայմաններում զոհերի և զինվորների ինքնասպանությունների թիվը նվազել է: Իհարկե, բոլորն ուզում են, որ զոհեր ընդհանրապես չլինեն, սակայն միայն այս տարվա մեկ ամիս 10 օրում արդեն ունենք 10 դեպք: Հանրությունը քննարկում է այս դեպքերը, ցավում։ Ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ դեպքերը դառնվում են թվեր, գնում քաղաքական դաշտ՝ երբ էր շատ, երբ էր թափանցիկ, հիմա ավելի լավ է և այլն... Սակայն խնդիրը ով ումից է լավը չէ, այլ՝ ինչու է այսպես, ինչ անել. ամեն մի զոհ մի տան ճրագ է...
Այս տարվա առաջին դեպքը գրանցվել է հենց տարվա առաջին օրը:
Հունվարի 1. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծատայությունից հայտնել են, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:
Հունվարի 6. ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հունվարի 11. ՀՀ ՊՆ հաղորդմամբ, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հայտնել էր, որ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա
Հունվարի 15. ՀՀ ՊՆ–ից հայտնել են, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ:
Հունվարի 21. Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արթուր Նալբանդյանը մահացել է, նախնական տվյալներով, ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից:
Հունվարի 24. Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Քննչական կոմիտեից հայտնել են, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան: Վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ:
Հունվարի 28. ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում էր ծանր: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նվեր Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հունվարի 30. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Օրեր անց, մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն: Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից: Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում: Հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:
ՀՀ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Առաքելի Մովսիսյանի, Խաչիկ Արմենի Գասպարյանի, Սպարտակ Արթուրի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշենք, որ նախքան այս հոդվածով քրեական գործի հարուցում, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Սակայն զինծառայողի հարազատները չէին հավատում ինքնասպանության վարկածին: Նրանք փետրվարի 2-ին զինծառայողի դին փորձում էին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից հասցնել Երևան՝ պահանջելով արդար քննություն և հայտնաբերել մեղավորներին: Նրանց հետ հանդիպել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Փետրվարի 3. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին:
Փետրվարի 7. ՀՀ ՊՆ հաղորդմամբ, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Նազարյանի, Տիգրան Արզումանյանի, Նվեր Շահբազյանի մահվան և Համլետ Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 9. Արցախի ՊՆ հաղորդմամբ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում ձնահոսքից տուժած զինծառայողի վիճակը լավ է
- Ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ը մահացել են.ՊՆ
- Արցախում զինծառայող է վիրավորվել
- Հարազատները վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու մահացած զինծառայողին
- Արցախում զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել
- Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել
- Արցախում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ
- Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել
- Հակառակորդի հրազենից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
- Տավուշում թշնամու դիպուկահարից զինծառայող է վիրավորվել
- Ադրբեջանցիների կրակից Տավուշում զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան