Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն
Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար: Այսօր դրա վերաբերյալ հուշագիր է ստորագրվել ԿԳՍՄ և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միջև։
ԱՍՀ նախարարությունից մանրամասնում են, որ ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին:
Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:
Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը:
Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ:
Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր:
Տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա