350 շան ստերջացման համար Գյումրու բյուջեից մոտ 8,7 մլն դրամ է հատկացվել
Գյումրու համայնքապետարանի՝ թափառող շների ստերջացման համար հայտարարված 4-րդ մրցույթում միակ մասնակիցը եղել է Գյումրիում անասնաբուժական ծառայություններ մատուցող «Myvet»-ը։ Անհատ ձեռներեցը տեղծվել է 5 տարի առաջ։ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանն «Ասպարեզի» հետ զրույցում ասում է, որ «Myvet»-ի եւ Գյումրու համայնքապետարանի միջեւ նախնական կնքվել է 350 շան ստերջացման ծառայության մատուցման պայմանագիր, որի ընդհանուր արժեքը շուրջ 8 մլն 700 հազար դրամ է։ 350 շան ստերջացումից հետո որոշվելու է, թե շարունակելո՞ւ են արդյոք նոր պայմանագիր կնքել նույն ընկերության հետ։
Ստացվում է, որ Գյումրիում թափառող մեկ շան ստերջացումը բյուջեի վրա նստում է մոտ 24 հազար 860 ՀՀ դրամ։ ՀՀ-ում մեկ շան ստերջացման գումարը հասնում է մինչեւ 30 հազար ՀՀ դրամ։
Անասնաբուժական ծառայություն իրականացնող «Myvet»-ում թափառող շունը ստերջացումից հետո մնում է մոտ 3-4 օր մինչեւ վիրահատական վերքերի ապաքինումը։
Անասնաբուժական կլինիկա օրական 6 թափառող շուն են տեղափոխում։ Թեժ գծի հեռախոսահամարի բողոքների հետքերով են գնում, լսում բնակիչների բողոքները եւ շարժվում թաղերով։ Անասնաբուժական կլինիկայի աշխատակիցներն անվնաս մեթոդներով են բռնում թափառող շներին: Բնակիչները հիմնականում բողոքում են կենտրոնական շուկայի մոտակայքի, Անի, Ավզնոցի թաղամասերի կատաղած շներից։ Ստերջացումից հետո շունը 3-4 օր մնում է անասնաբուժական կլինիկայում, սնվում, կլինիկայի աշխատողները շանը վերադարձնում են նույն հասցեով, որտեղից նրան տարել են կլինիկա։
«Ոչ բազմացմանը»․ ահա այսպիսի նպատակ ունի ստերջացումը։ Վիրահատական միջամտությամբ ստերջացնում են` կանխելով շան բազմացումը։ Մինչդեռ բնակիչները, ինչպես պատմում է կլինիկայի անասնաբույժ, տնօրեն Արմինե Եղիկյանը, պահանջում են, որ շներն այլևս չլինեն թաղերում։ «Մենք շների սպանդ չենք անում»,-ասում է անասնաբույժը։
Գյումրիում, նաև Հայաստանի բոլոր քաղաքներում, ընտանի կենդանիների հաշվառում, որպես այդպիսին, չկա, հետևաբար, անհայտ է, թե քանի թափառող շուն կա Հայաստանում և հանրապետության 2-րդ քաղաքում։
Ստերջացումից հետո յուրաքանչյուր շուն ստանում է կանաչավուն ականջակալ՝ համարակալներով, որի միջոցով հաշվվում են ստերջացված շները եւ տարբերվում չստերջացվածներից։ «Ստերջացված շներն այլեւս բազմացման ցիկլի միջով չեն անցնի: Հեռացված են այն օրգանները, որոնք նպաստելու են բազմացմանը: Հորմոնային ֆոնը վերանում է, և զուգավորման շրջանում կենդանիներն ագրեսիվ պահվածք չեն ունենա»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է կլինիկայի տնօրեն, անասնաբույժ Արմինե Եղիկյանը:
Հայաստանում թափառող շների ստերջացման անհրաժեշտության մասին խոսվեց միայն այն ժամանակ, երբ Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը:
Մինչ այդ, համայնքներում թափառող շների ֆիզիկական վնասազերծումը կատարում էին կրակելու միջոցով։ Գյումրու համայնքապետարանը թափառող շներին ֆիզիկապես վնասազերծելու համար բյուջեից տարեկան 4 միլիոն էր հատկացնում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ
- Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել
- Մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան թափառող շների ոչնչացման
- Թափառող կենդանիները Երևանում պակասել են. Ա. Հունանյան