Երևանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց կանվանակոչվի
«Առաջարկում ենք Երևանում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչել»,- այսօր Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող հատվածը օպերային երգչուհու անունով անվանակոչելը նպատակ ունի վերջինիս հիշատակը հավերժացնելու։
Ավագանու անդամը նշեց, որ Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով տարբեր տարիներին հանդես են եկել Երևանի պետական կոնսերվատորիան, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ՀՀ ազգային հերոս, ԽՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքեջյանը, մշակութային մի շարք գործիչներ և ժողովրդական արտիստներ, ինչպես նաև երգչուհու դուստրը՝ Սեդա Գասպարյանը։
Առաջարկն ընդունվեց 51 կողմ ձայնով և ծափողջույններով:
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ.-ի դեկտեմբերի 14-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Երաժշտական կրթությունն ստացել է Կահիրեի Երաժշտական ակադեմիայում, ապա սովորել է Է.Ֆելդմանի և Վ.Կարրոյի մոտ:
1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1949թ.-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1964թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:Եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն (փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան), անբասիր տեխնիկա, նրա ձայնը առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ:Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Լ.Դելիբի «Լակմե» (Լակմե 1949թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ, 1950թ., 1969թ.), «Դավիթ Բեկ» (Շուշան, 1953թ.), Հ.Ստեփանյանի «Հերոսուհի» (Գոհար, 1950թ.), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Կարինե, 1951թ.), «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա, 1966թ.), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ, 1958թ.), Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» (Լյուչիա, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա, 1967թ.) և այլն:Մասնակցել է նաև մի շարք հայկական ֆիլմերի ստեղծմանը, երգել է «Հայկական կինոհամերգ» (1954թ.), «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Կարինե» (1967թ.), «Անուշ» (1983թ.), «Արշակ Երկրորդ» (1988թ.) և այլ ֆիլմերում:
Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում (1962թ.), Ճապոնիայում (1958թ., 1964թ.), Եգիպտոսում (1963թ., 1973թ.), Հարավային Ամերիկայի երկրներում (1966թ., 1969թ.), ԱՄՆ-ում (1967-69թթ), Անգլիայում (1971թ.) և այլուր:Ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի 5-րդ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր:
1953թ. արժանացել է Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1984թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը