«Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն: Այս մասին տեղեկանում ենք «Կամք» հասարակական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ Սահմանադրությունը մեր համերաշխության, զորաշարժի, ազգային համաձայնության հայեցակարգն է, որը չի կարող ծառայել որևիցե մի իշխանության՝ իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար: Մենք համոզված ենք, որ սահմանադրական հանրաքվեն առավել եւս պառակտելու եւ թուլացնելու է առանց այդ էլ մեր պառակտված հանրությանը, իսկ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը ոչ միայն հոգնեցրել է հանրությանը, այլև իր մեջ իրական սպառնալիք է պարունակում ՀՀ ազգային անվտանգությանը և կարող է երկրում իրավիճակը դարձնել անվերահսկելի:
Հեղափոխության արժեքների հաստատմանն իշխանությունների հետզհետե շեշտավորվող անհետեւողականությունն ու դանդաղկոտությունը չի կարող արդարացվել հետապնդումներով: Հարկավոր է պատժել մեղավորներին՝ ժողովրդի եւ պետության նկատմամբ իրենց գործած հանցանքների, այլ ոչ թե քաղաքական մանր հաշիվների համար:
Մենք բազմիցս հայտարարել ենք նաեւ, որ չենք սատարում հներին, եւ բացառում ենք նրանց վերադարձն իշխանություն, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել ենք, որ իշխանական համակարգի հետևում թաքնված ապազգային արժեքներ սերմանող ուժերը պետք է բացահայտվեն եւ հեռացվեն իշխանությունից:
Ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքով պայմանավորված՝ հրավիրել ենք «Կամք»-ի ընդհանուր խորհրդի նիստ, որտեղ կհայտարարենք մեր կեցվածքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, մեր ժողովրդի համար մեծագույն վնասներ պարունակող եւ իրավական առումով խիստ կասկածելի թվացող նախաձեռնության մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան