Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար թվով ձայներ հանրաքվեի հարցով ՍԴ դիմելու համար։ ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ ինքն ու խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատրաստ էին հարցը ներկայացնել դատարանում։
«Մենք հրապարակել էինք նաև դիմումի կմախքը, թե ինչ խախտումներ են արվել։ Բայց քանի որ բավարար թվով ստորագրություններ չունենք, այդ հարցը համարում եմ փակված»,-նշեց նա։
Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը միշտ դեմ է եղել գործող սահմանդրությանը, ասել են՝ պետք է այն ու համակարգն ամբողջությամբ փոխել։
«Մենք տարբեր օրենքներ ենք բերել, որ դրանք փոխվեն, բոլորը մերժվել են, ասել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կա, հանրաքվեով կանենք։ Հանձնաժողովը ստեղծվել է, իսկ այսօր մեր ժողովրդին ուղարկում ենք հանրաքվեի մեկ հոդված փոխելու համար։ Այսինքն, իշխանությունը համակերպվել է ու վայելում է Սերժ Սարգսյաբնից ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չի, որ Հրայր Թովմասյանն այնտեղ աշխատի»,-ասաց Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ այս օրերին փորձ է արվում «Լուսավոր Հայաստան»-ին դարձնել Թովմասյանի պաշտպան, ընդգծեց՝ չի ստացվելու։ Կարծում է, որ հեղափոխությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է բարոյական իմաստով հրաժարական տար ու գնար։
«Սա՝ բարոյական տիրույթում։ Իսկ իրավական առումով, իրավական հիմնավոր կատեգորիաներ չկան, թե չէ Թովմասյանին վաղուց հանել էին։ Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացն իրավական խոցելիություն չունի, դրա համար էլ այդ հոդվածն են փորձում փոխել»,-նշեց խմբակցության ղեկավարը։
Նրա համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը, իշխանությունը ցանկանում էր խնդիրը լուծել քրեական գործերով, մնացել է կես ճանապարհին կանգնած, կենսաթոշակայինով, այդ դեպքում էլ մնացել է ճանապարհի կեսին, հիմա էլ հանրաքվեով։
«Մենք ասում ենք, որ հանրաքվեն ապօրինի է, ծայրից ծայր հակասահմանադրական է։ Մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել ու ասել, որ հակասահմանադրական է։ Մենք նաև ասել ենք, ունեք 89 պատգամավոր, կարող եք էս մի հոդվածն ԱԺ-ում փոխել, 3.5 մլրդ դրամ գումար չծախսել, ՀՀ քաղաքացիներին չհանել, ընտրատեղամասեր չուղարկել, էդ մի հոդվածի համար։ Փորձում են ասել, որ սա նաև ժողովրդավարության հարց է, բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ դա նաև օրինականություն ու օրենքի գերակայությունն է։ Իսկ այստեղ օրինականության մասին խոսք չկա, այս պրոցեսն ընթանում է իրավական բեսպրեդելի ճանապարհով»,-ընդգծեց մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը։
Նա նշեց՝ իրենց դիրքորոշումն է, որ հակասահմանդրական այս գործընթացում պետք է լինի միայն «այո»-ի ճամբար, քանի որ իշխանությանն օդի պես պետք են ոչի օգտին քարոզչություն անող մարդիկ, որ ասեն՝ «ըհը, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, իսկ այս հայտարարություններից բոլորն արդեն հոգնել են, մարդկանց հանի, ասի՝ եթե չգնաք դուք տեղամասեր, նրանք կգան, և ձեզ կկեղեքեն, ըտենց բաներ կպատմի, որ մարդիկ գնան տեղամասեր»։
«Ոչի որևէ ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերքի, մեկի գլխին քարով կտա, կամ մեկը հայհոյողին կխփի, և կունենանք արյունահեղություն։ Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք, և դեռ կօգտագոծենք, պատրաստ ենք դիմել Սահմանդրական դատարան, եթե կլինեն ստորագրություններ։ Մյուս կողմից բոլոր ուժերին կոչ ենք անում՝ չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել այոյի ճամբարն իր այո-ն քարոզի»,-ամփոփեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան