Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում։
«Ես վերականգնվել եմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է՝ ես շահել էի դատը, որից հետո նախարարությունը դիմել էր վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրբելյանը:
Նա նշեց, որ պետք է շարունակեն աշխատել ընթացիկ նախագծերի վրա, անել պրեմիերաներ: Օրբելյանը հույս ունի, որ բոլոր ծրագրերը կկարողանան կյանքի կոչել։ Նշենք, որ նրա՝ տնօրենի պաշտոնում մնալու պայմանագիրը լրանում է օգոստոսի 3-ին:
«Ցավալի է՝ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք, նախորդ տարվա ապրիլից ստիպված եղանք չեղարկել, նաև հյուրախաղերը: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը պարտավորվեց վճարել ավիատոմսերի մի մասի գումարը, ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ավիատոմսերի համար: Երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, չեղարկե՞մ հյուրախաղերը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է, ինչ ուզում եք արեք: Բայց մենք գնացինք»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ մոտեցում ունի նախարարությունն իր վերադարձի վերաբերյալ, Կ. Օրբելյանը պատասխանեց, որ վաղը հանդիպելու է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, այդ ժամանակ էլ կիմանա, թե ինչպիսի դիրքորոշում ունեն, բայց տանիքի համար դեռ գումար չեն տալիս: Նա նշեց, որ առաջիկայի համար տարբեր ծրագրեր ունեն, իրենց օդ ու ջրի պես անհրաժեշտ են բալետներ:
Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել էր Օրբելյանի պահանջները: ԿԳՄՍ նախարարը վիճարկել էր հենց այդ որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանը ցանկանում է, որ իրեն չխանգարեն
- Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
- «Աննա Հակոբյանի խաղաղության աղավնին չի թառել Մեհրիբան Ալիևայի վրա». Կոնստանտին Տեր-Նակալյան
- Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է
- Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են
- Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
- Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան
- Կոնստանտին Օրբելյանի «հարցով»
- Կոնստանտին Օրբելյան. Այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին