ՀԱԿ-ն ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարությունը ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ: Ի վերջո, դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասը անհարկի բարդությունների պատճառ դարձան:
Մեր հիասթափությունն ենք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Հանրաքվեի օրակարգից դուրս մնաց ոչ պակաս կարևոր, սահմանադրական իրավունքին անմիջականորեն առնչվող մեկ այլ հարց. Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն Սահմանադրական Դատարանի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունքի` իրավագիտության տեսանկյունից անհիմն և անհեթեթ գործառույթի առկայությունը Սահմանադրության մեջ: Պատահական չէ, որ նման դրույթ բացակայել է 1995թ․ ընդունված Սահմանադրությունից ի վեր և առկա չէ ժողովրդավարական երկրների օրենսդրություններում:
Օրինակարգ Սահմանադրական Դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին։
Ասվածով հանդերձ, համոզված լինելով, որ նշված փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, պնդում ենք, որ գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան