«Ժողովուրդ». Ովքեր կձևավորեն «Ոչ»-ի քարոզչության շտաբը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռևս մշուշոտ է: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. ««ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները»:
Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները պետք է լինեն խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները: Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ արդեն իսկ հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնում և չեն մասնակցելու քարոզչությանը:
Եվ չնայած խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցությունը որոշել է չմիանալ իր ընդդիմադիր գործընկերներին և չդիմել Սահմանադրական դատարան, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ, ամեն դեպքում, այս կուսակցությունը մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ քննարկումների մեջ է այս հարցով, սակայն որոշել են մինչև այս շաբաթվա վերջ սպասել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է «Ոչ»-ի ճամբարում, և վերջնական որոշում կայացնել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ չի բացառվում՝ հենց նրանք էլ ձևավորեն «Ոչ»-ի ճամբարի մի կողմը: Սակայն «Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձևավորել «Ոչ»-ի ճամբար նաև արտախորհրդարանական ուժերից, սակայն այն հստակ կանոններ է սահմանում: Այսինքն՝ եթե ձևավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը ևս չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Նման որոշում չունեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Եվ այս ամենին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի լինելու: Երեկ արդեն «Հայ ազգային կոնգրեսը» և «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն են տարածել, որ իրենք կողմ են Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և մասնակցելու են «Այո»-ի քարոզչությանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան