«Փաստ». Լրացել է «տնտեսական հեղափոխություն» հայտարարելու մեկ տարին. քաղաքացիների կյանքում քիչ թե շատ դրական փոփոխություններ չկան
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում «համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Մեկ տարին բավական ժամանակաշրջան էր գոնե արձանագրելու մեկ-երկու քայլ, որոնք հիմքեր կտային ենթադրել, թե մենք իրոք այդ ճանապարհին ենք: Ավաղ, իրականում մենք գնալով ավելի ենք հեռանում ճանապարհից: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու և քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու մասին խոստումների ներքո։
Մարդիկ էլ հիմնականում հույսեր ունեին, թե Փաշինյանի կառավարությանը կարճ ժամանակահատվածում կհաջողվի զարգացնել տնտեսությունը, ներդրումներ ներգրավել արտասահմանից և բարելավել իրավիճակը երկրում։ Սկզբնական շրջանում հանրությունը մեծ սպասումով հետևում էր իշխանության քայլերին, սակայն տեսանելի փոփոխություններն այդպես էլ իրականություն չէին դառնում։ Եվ իշխանամերձ շրջանակների կողմից գործի էր դրվում այն փաստարկը, թե փոփոխությունների համար ժամանակ է պետք՝ «թողեք աշխատեն» սկզբունքով։ Ընդամենը մի քանի ամիս հետո կլրանա նաև Փաշինյանի վարչապետության 2 տարին, այնինչ ներկայիս կառավարության «տնտեսական թռիչքը» կամ «տնտեսական հեղափոխությունը» միայն ցուցանիշներով ու թղթերով է տեղի ունենում կամ միայն իշխող թիմի անդամների կյանքում։
Իսկ շարքային «մահկանացու» քաղաքացիների կյանքում քիչ թե շատ դրական փոփոխություններ չկան, նրանք ապրում են այնպես, ինչպես նախկինում, գուցե ավելի վատ։ Հետաքրքրական է, որ կառավարությունը սկզբից ևեթ որդեգրեց իմիտացիոն գործելակերպ։ Սեփական ոչ մի ծրագիր ու գաղափար չունենալով՝ նրանք փորձեցին նախկին իշխանություններից եկող ծրագրերն «իրենցով անել» և ներկայացնել որպես իրենց կառավարության գրանցած արդյունք։ Սա հատկապես ակնառու դրսևորվեց արտաքին քաղաքականության ոլորտում։
Փաշինյանի կառավարությունը ոչ միայն շարունակեց նախկիններից եկող արտաքին քաղաքական ուղեգիծը, այլև լայնորեն լուսաբանեց և իրենց ձեռքբերումը համարեց Հայաստանի միջազգային հեղինակության համար այնպիսի խոշոր մասշտաբի միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և ՏՏ համաշխարհային համաժողովը, որոնց անցկացման վերաբերյալ աշխատանքները գլխավորապես տարվել էին նախկին իշխանությունների կառավարման ժամանակ։
Նույն խնդիրը վերաբերում է նաև տնտեսական և սոցիալական քաղաքականությանը։ Դեռևս 2018 թվականի սկզբին նախկին իշխանությունները հայտարարում էին, թե 2019 թվականի հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, քանի որ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են նախատեսվում՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ: Իսկ ներկայիս կառավարությունը այս նպատակադրումը վերցրեց և կիրառեց, այն էլ՝ մեկ տարի ուշացումով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում