Բացառվում է որևէ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ աչք փակվի. վարչապետ
«Շատ երկար տարիներ խոսվում է, որ սննդի փորձարկումը Սննդի անվտանգության տեսչական մարմնի մենաշնորհն է, և ասում են՝ այդ քննադատությանն ականջալուր լինելով, ազատականացրել են դաշտը»,- խորհրադարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ հունվարի 21-ին խմբակցության անունից հարցում էին ուղարկել Սննդի անվտանգության տեսչություն՝ փորձելով հասկանալ, թե որ լաբորատորիաներում են պատվիրվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները: Արդյունքում՝ ստացված պատասխանն առաջացրեց ավելի շատ հարցեր:
Ըստ պատգամավորի, ուսումնասիրություններն իրականացվել են 4 կազմակերպությունում, սակայն բաշխվածությունն անհամաչափ է եղել։
«Ուզում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ անհամաչափությունը, քանի որ ինձ հասած տեղեկություններով կան անձնական կապեր, որոնցով էլ պայմանավորված է այդ անհամամասնությունը»,-ասաց պատգամավորը։
Վարչապետը վստահեցրեց, որ եթե անձնական կապեր լինեն, այդ կապերի հեղինակները, այդպես գործողները խստորեն կպատժվեն. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Անկեղծ ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև տեղյակ չեմ»։
Փաշինյանը խոստացավ՝ եթե պարզվի պրոբլեմներ կան, շահագրգիռ պաշտոնյաներ կան, ապա նրանք ամենախիստ ձևով կպատժվեն։
«Կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է առաջ գնանք և նման քննարկումները պետք է լինեն, որպեսզի պատշաճ վերահսկողություն լինի և կոռուպցիոն ցանկացած ռիսկ բացառվի: Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից, դա լավ է, նշանակում է այդ բաների մեջ չկանք։ Իմ հավաստիացումն այն է, որ բացառվում է որևէ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ աչք փակվի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում