ՀՀԿ-ին՝ 5 մլն դրամ կտրամադրվի, ՀՅԴ-ին՝ 4. կառավարության որոշումը
«Առաջարկում ենք 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին 105 մլն 725 հազար դրամ հատկացնել»,- կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախագծով առաջարկվում է «Իմ քայլը» դաշինքին տրամադրել 78 մլն 6 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստանի»-ին՝ 9 մլն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»- ին՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ին՝ 5 մլն 208 հազար դրամ և ՀՅԴ-ին՝ 4 մլն 303 հազար դրամ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ կուսակցական համակարգի զարգացումը պառլամենտական երկրի համար շատ կարևոր է. «ՀՀ-ում պետք է կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար ավելի ու ավելի բարձր մակարդակով գործունեություն ծավալեն»։
Առաջարկված նախագիծն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում էին 11 կուսակցություններ և կուսակցություններ դաշինքներ։ Դրանցից միայն 5-ն էին հատել 3 տոկոսի շեմը։