Տյառնընդառաջը ՝ Ստեփանակերտում
Ստեփանակերտի մշակույթի տան նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված Տյառնընդառաջի օրվան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառել են Տյառնընդառաջի խարույկը, որի վրայով ցատկել են նորապսակներն ու սիրահար զույգերը: Այնուհետև միջոցառման ներկաներին բաժանել են աղանդեր: Երեկոյին իրենց երգերով ու պարերով տոնական շունչ են հաղորդել Ստեփանակերտի մշակույթի տան սաները:
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն ասել է, որ տոնի նախօրեին հայ առաքելական եկեղեցիներում կատարվում են տոնական ժամերգություն, նախատոնակ, իսկ հաջորդ օրը մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո՝ նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սերն և հավատարմությունը:
«Տյառնընդառաջը ժողովրդի մեջ արմատավորված է ժողովրդական սովորություններով՝ այդ թվում ամենատարածվածը խարույկ վառելն է, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Պետք է հասարակությունը տոնի բուն խորհուրդը պահի իր հոգում: Մենք պետք է մշտապես իրականացնենք քարոզչություն, որպեսզի քաղաքացիներին պարզ ու մատչելի լինեն հոգևոր տոներն ու դրանց նշանակությունը: Ազգային սովորույթները պետք է պահպանել, որովհետև դրանք արժեքներ են. միաժամանակ պետք է լիարժեք հասկանանք և ընկալենք»,- մասնավորապես ասել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա