Ռումինական «Tarom airlines»-ը Հայաստանը լքել է սեփական ֆինանսական խնդիրների պատճառով. Ռևազյան
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հարց ուղղեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս պարզաբանում խնդրեց վերջերս «Tarom airlines» ընկերության ներկայացուցչի կողմից արած այն հայտատարության մասին, որ Ռումինական ընկերությունը Հայաստանում դադարեցրել գործունեությունը, քանի որ ստեղծված անհավասար մրցակցային պայմաներում է հայտնվել «Ryanair» և «Wizz Air» ընկերությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը պնդեց, որ հայկական օդային տարածքից «Tarom airlines» ընկերության դուրս գալը պայմանավորված չէ հայկական շուկա վերոհիշյալ ընկերության մուտքով, քանի որ ռումինական ընկերությունը դուրս է եկել նաև Վրաստանից։ Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Tarom airlines» ընկերությունը Հայաստանը լքել է ֆինանսական պատճառներով։ Վերջին ամիսներին ռումինական ընկերությունը փոխել է 6 տնօրեն։ Հայկական կողմը «Tarom airlines»–ի հետ ուղիղ կապի միջոցով պարզել է, որ հայտարարություն արած վերոնշյալ անձն իրավունք չի ունեցել հանդես գալ ընկերության անունից։ Պատասխանի վերջում սակայն Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ մրցակցությունն էլ կարող էր ազդել «Tarom airlines»–ի այդ որոշման վրա։
Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, ավստրիական և ֆրանսիական ընկերություններն էլ են ուզում դուրս գան հայկական օդային շուկայից։ Տաթևիկ Ռևազյանը հերքեց վերջին լուրը, բայց ընդունեց, որ «Ryanair» և «Wizz Air» ընկերություններից բացի մյուս ավիընկերությունների համար օդի հարկի պահպանումը ստեղծել է մրցակցության անհավասար պայմաններ։