Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը
«2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են»,- այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա առաջարկեց նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Կառավարությունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց այս առաջարկը։
«Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ»,- ասաց Անանյանը։
Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման վրա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա:
«Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշեց Ավինյանը։