Դեսպան.Սիրիայի խորհրդարանը կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Սիրիայի ժողովորդական ժողովն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, որով հաստատվում է, որ 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը մարդկության դեմ ամենադաժան և ամենասարսափելի հանցագործություններից մեկն է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:
Նա նշեց, որ այդ բանաձևով դատապարտվում է նաև ցանկացածի կողմից որևէ փորձ ժխտելու այս ոճրագորոծությունն ու խեղաթյուրելու պատմական ճշմարտությունը:
«Սիրիայի Ժողովորդական ժողովն արտահայտելով իր լիակատար համակրանքը բարեկամ հայ ժողովորդին՝ ընդունում է նաև, որ հայերը, ասորիները և մյուսները եղել են այդ ժամանահատվածում օսմանյանների ձեռքով կատարված համակարգված ջարդերի և զտման գործողությունների զոհ, կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին, միջազգային ողջ հանրությանը, ճաչելելու այն և դատապարտելու»,- նշեց դեսպանը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ասաց, որ այսօր այն ահաբեկչական խմբավորումները, որոնք Սիրիայի ժողովրդի դեմ իրականացնում են սարսափելի արարքներ, թոռներն են նրանց, ովքեր ժամանակին ցեղասպանություն են իրագործել հայերի ու մյուսների դեմ:
Հարցին՝ արդյոք Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումն էլ ավելի չի սրի Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները, դեսպանը պատասխանեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները խզված են, Թուրքիան ագրեսիա է կատարում Սիրիայի դեմ, ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իդլիբում և այլ շրջաններում, աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից:
«Թուրքիան ագրեսիա է իրականացնում Սիրիայի դեմ, ներխուժում է սիրիական հողեր, իր բանակը մուտք է գործել Սիրիա առանց սիրիական իշխանությունների համաձայնության, համարվում են օկուպացիոն ուժեր»,- ասաց ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Պատասխանելով հարցին, թե նշեց, որ Սիրիայի կառավարությունը մշտապես ասել է՝ հայերի հանդեպ ցեղասպանություն եղել է, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ հենց այս շրջանում Սիրիայի խորհրդարանն ընդունեց բանաձև, Մոհամմեդ Հաջ Իբրահիմն արձագանքեց. «Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ: Ինչպես նշեցի՝ Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով ու համակրանքով է վերաբերվել այն սիրիացիներին, որոնք հայ արմատներ ունեն, նրանք եղել են Սիրիայի հասարակության անքակտելի մասը: Պետք է նշել, որ հայոց ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել Սիրիայի այն շրջաններում, որտեղ ապրել են հայերը»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան