Ռուբեն Մելիքյան. Մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։
Ցավոք, հանրաքվեն այնուամենայնիվ նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։
Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել։
Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։
Այս պայմաններում, ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։
Նախաձեռնության նպատակներն են՝
1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։
2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։
Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։
Բոլոր այն իրավաբաններին, որոնք կիսում են ներկայացված գաղափարները, հրավիրում ենք միանալ նախաձեռնող խմբին՝ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելով կամ հաղորդագրություն ուղարկելով կամ 060601948, 060640640 հեռախոսամարներին զանգահարելով։
Նախաձեռնող խումբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան