Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն դրդելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն
«Քրեական պատասխանատվություն է նախատեսվում խաբեության կամ բռնության միջոցով անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն դրդելու կամ հարկադրելու համար»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը նշեց, որ այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։
Ըստ նախարարի, ավելի խիստ պատիժներ են սահմանված, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով:
«Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: Իսկ եթե այդ արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում են՝ ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Նախարարը վստահեցրեց՝ նախագծի նպատակն է ընտանիքի մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, ինչպես նաև երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։
Ներկայացված նախագիծը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- 1.2 մլրդ ՀՀ դրամ՝ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման համար
- ՀՀԿ-ին՝ 5 մլն դրամ կտրամադրվի, ՀՅԴ-ին՝ 4. կառավարության որոշումը
- Մեկնարկել է կառավարության նիստը. Օրակարգում 35 հարց է