Իրանից ցեմենտ ներկրողները կշարունակեն տուրք վճարել մինչև հուլիս
«Ցեմենտի ներմուծման համար 14 հազար դրամ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմնետի ներկրման ամսական ծավալները նվազել են, սակայն աճել են կլինկերի ներմուծման ծավալները»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Վերջինիս խոսքով, առավել լավ կարգավորման մեխանիզմ ունենալու նպատակով առաջարկվում է սահմանված տուրքի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը. «Այդ ընթացքում ավելի խորը ուսումնսիրություն կլինի, որի արդյունքում վերջնական գնահատական կտրվի մեխանիզմի մրցակցային ազդեցությանը»։
Ավանեսյանը նշեց, որ եթե 2018 թվականին Իրանից ցեմենտի ամսական ներմուծման ծավալը 19 հազար տոննա էր, ապա 2019-ին ներկրվել է 16 հազար 800 տոննա ցեմենտ. «Սակայն, դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը։ Եթե 2018-ին ամսական 2.8 հազար տոննա կլինկեր է ներմուծվել, ապա 2019-ին այդ թիվը հասել է 10 հազար տոննայի»։
Ըստ Ավանեսյանի, չնայած Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները նվազել են, կազմակերպություններից մեկում եղել է արտադրության որոշակի աճ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կարգավորմամբ նախատեսված է տուրք միայն ցեմենտի ներկրման համար, իսկ կլինկերի ներմուծմանը կարգավորումը չի վերաբերում. «ՀՀ-ում արտադրում են ցեմենտ՝ ներմուծված կլինկերի հիման վրա, և ընդամենը այս նախագծով 3 ամսով երկարաձգվում է կարգավորումը։ Այս ամիսների ընթացքում կհասկանանք՝ արդյոք կլինկերի ներմուծման համար էլ է անհրաժեշտ սահմանել ներկրման տուրք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ սահմանված տուրքը դեմ է ԵԱՏՄ կանոններին։
«Կամ Հայաստանը ցեմենտի ներկրումն ուղղակի պետք է արգելի տեղական օրենսդրությամբ, քանի որ ներկրումը վտանգում է պետության տնտեսության զարգացումը, կամ կա երկրորդ տարբերակը՝ հարցը պետք է քննարկվի ԵԱՏՄ տարածքի շրջանակում, այլ ոչ թե առանձին երկրի։ Սա մաքսատուրք է, որը զսպում է ցեմենտի տուրքը։ Իսկ դաԵԱՏՄ ընդհանուր մաքսային խնդիր է»,- նշեց Գրիգորյանը։
Նախագիծը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
- Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն դրդելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն
- 1.2 մլրդ ՀՀ դրամ՝ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման համար
- ՀՀԿ-ին՝ 5 մլն դրամ կտրամադրվի, ՀՅԴ-ին՝ 4. կառավարության որոշումը
- Մեկնարկել է կառավարության նիստը. Օրակարգում 35 հարց է