Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգի
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագրի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը:
«Ավստրիական զարգացման համագործակցության» ֆինանսական աջակցությամբ ծրագիրն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:
Ծրագրի շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ավստրիական զարգացման համագործակցության փոխտնօրեն Նորա Ալանակյանը և ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը:
Արման Խոջոյանը շեշտել է ծրագրի կարևորությունն ընդհանրապես այգեպտղաբուծության զարգացման և մասնավորապես ոլորտում նախարարության նախանշած համապատասխան ծրագրերի հաջող իրականացման առումով:
ԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը սկզբունքային նշանակություն ունի Ագրարային համալսարանի համար, քանի որ ծրագրի միջոցով արդիականացվելու են համալսարանի ագրոնոմիական առարկաները, ներդրվելու են դասավանդման նոր մեթոդներ և վերապատրաստվելու են ոլորտային դասախոսներ: Նա հավելել է, որ իրականում ծրագրի գլխավոր շահառուն ուսանողն է, որին հնարավորություն կընձեռվի գործնական միջավայրում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները:
Այդ նպատակով Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ պտղատու այգի:
Ծրագրի հիմնական ֆինանսավորող՝ «Ավստրիայի զարգացման համագործակցության» փոխտնօրեն Նորա Ալանակյանը իր խոսքում նշել է, որ իրենց գործակալությունը 2012 թվականից սկսած Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսական ոլորտում՝ նպատակ հետապնդելով բարձրացնել և՛ գյուղատնտեսության զարգացման մակարդակը, և՛ արդյունավետությունը:
ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում ստեղծվելու է նաև պտղաբուծության ոլորտում տեսակով առաջին էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվական հարթակը հայերեն լեզվով, որը հասանելի կլինի բոլոր շահառուներին՝ ֆերմերներին, ուսանողներին, փորձագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:
Չորս տարի ընդհանուր տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան