30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում. կոնգրեսական
30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջև՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլևս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: Այսպես կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական և հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին:
ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձավ Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի և պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել։
«1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»,-ասել է Աննան:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծեցին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք:
«Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների և թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», - իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը:
Այսօրվա Ադրբեջանը 30 տարի առաջ տեղի ունեցածի համար մեղադրում է Խորհրդային Միության ղեկավարությանը: Բաքվում հիշեցնում են, որ Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները նույնպես ստիպված էին լքել իրենց տները:
Անկախ ամեն ինչից, սակայն, պատմության դատն ամեն ինչ բացահայտելու է, նշում է կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, ով Ադամ Շիֆի հետ միասին Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակն էր։
«Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի նման բռնությունների, ինչպիսին արժանացան հայերն այն ժամանակ»,-ասել է Բիլիրակիսը։
Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկեց դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին:
Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության և ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացնում է՝ պայքարը երբեք չի դադարելու. «Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին