Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։
Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարիներ առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և Ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանը առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները», - ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։
Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:
Հարակից հրապարակումներ`
- Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի. ՀՀ ԱԳՆ
- Արամ Առաջին. Սիրիայի ժողովուրդը 100 տարի առաջ արդեն իսկ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը
- Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը
- Դեսպան.Սիրիայի խորհրդարանը կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
- Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան