ԵՊՀ. Ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ
Երևանի պետական համալսարանը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ԱԱԾ հաղորդագրությանը։
«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,-ասված է համալսարանի հայտարարության մեջ։
ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: