Այն ամենում, ինչ հրապարակվել է, կա որոշակի ճշմարտություն. Պապիկյանն իր դատվածության մասին
«Տարբեր նախկին մտահոգներ որոշել են սևացնել իմ բարի համբավը»,- իր հրապարակած տեսանյութում ասում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական հանրաքվեի «այո» շտաբի պետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը թաքցրել է իր դատված լինելու փաստը։
Պապիկյանը նշեց՝ այդ հրապարակումներն արվում են, որպեսզի խաթարեն «այո»-ի շտաբի աշխատանքները. «Սակայն մեր հաստատակամությունը կոտրել հնարավոր չէ, և մենք շարժվելու ենք մեր օրակարգով»։
Նախարարը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, տվյալ անձը դատված չի համարվում։
«Հարցերը, որոնք ունեն 15 տարվա վաղեմություն, և որոնք փորփրելով մեր սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի մրոտ տեղերը գտնել վերաբերում են իմ ծառայությանը։ Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, և ծառայության ընթացքում եղել են որոշ խնդիրներ։ Եվ այն ամենում, ինչ հրապարակվել է, կա որոշակի ճշմարտություն և որոշակի թյուրիմացություն։
Խոսքը 2004-2006 թթ. իմ ծառայության ընթացքի մասին է, որի ընթացքում ես եղել եմ սահմանապահ գերազանցիկ։ Սակայն եղել է միջադեպ, որի ընթացքում իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, և ես մասնակցել եմ ոչ կանոնադրային հարաբերությունների, որևէ զենքի կիառում իմ կողմից չի եղել։ Դրանից հետո որևէ մեղք չեմ ընդունել և համաներմամբ ազատ եմ արձակվել, և դրանով իմ դատվածությունը համարվել է մարված»,- ասաց Պապիկյանը։
Նա նշեց, որ կյանքի այդ էտապը փակված է համարում։ Նախարարը նշեց, որ տեղի ունեցածի համար ափսոսում է, բայց նաև այդ էջը փակված է համարում իր և իր շրջապատի համար. «Խնդրի մասին իմացել են իմ ընկերները, հիմա էլ գիտեն, դա ինչ-որ սենսացիոն բան չէ, և ես ոչինչ չեմ թաքցրել։ Ես ՀՀ քաղաքացիների համար բաց և հրապարակային եմ»։
Պապիկյանը դիմեց ՀՀ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին, և խնդրեց պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել հասանելի հանրության և լրատվականների համար. «Խնդրում եմ՝ սա ընդունել իբրև հայտարարություն, անհրաժեշտության դեպքում ես կարող եմ մոտենալ բաժին և դիմումով դիմել իրավապահ մարմիններին։ Իհարկե, լրագրողին ոչինչ չունեմ ասելու, բայց ինչ տեղի է ունենում, մի տեղից կոորդինացված է։ Նպատակն իմ գործունեությունը մրոտելն է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում