Հանրաքվեն քվորումի խնդիր չունի՝ ով գնաց, գնաց
ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սա հստակ բանաձև է, որը կիրառվում է հանրաքվեների դեպքում: Սակայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռնպահ է մնում որևէ թիվ նշել, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրավքեի դրված ակտը որքան «կողմ» ձայնի դեպքում կհամարվի ընդունված:
«Թվեր նշելուց, կոնկրետ թվերով դատողություններ անելուց այժմ ձեռնպահ կմնանք: Ինչու: Ընտրական օրենսգրքի տրամաբանությունն էլ է դա, որ մեկ ընտրողի ճշգրտությամբ դատողություններ կարող են անել բացառապես այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ճշգրիտ թիվը: Ընտրություններից 41 օր առաջ հրապարակվում է նախնական թիվ, դրանից հետո այդ թիվը կարող է փոփոխվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր է կիրառելի բանաձևը, որն ամրագրված է օրենքում. «Հանրաքվեի կայացման առումով որևէ քվորում սահմանված չէ: Սահմանված է որոշակի պահանջ որոշման ընդունման հետ կապված, մասնավորապես, սահմանված է՝ հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե «կողմ» է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի 25 տոկոսը՝ մեկ քառորդը»:
Համեմատության համար նշեցինք 2018 թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների մասնակցության թիվը, ԿԸՀ նախագահն ասաց. «Ես բանաձևն արդեն տվեցի, հետևաբար թիվ չեմ հնչեցի: Եթե մենք թիվ ենք հրապարակում, պետք է տանք մեկ ընտրողի ճշգտությամբ թիվ: Երբ վերջնական կունենանք քվեարկության մասնակիցների թիվը, այդ ժամանակ կարող ենք հստակ, ստույգ դատողություններ անել»:
Տ.Մուկուչյանի խոսքով, հիմա ով ինչ թիվ էլ նշի, դրանք մոտավոր հաշվարկներ են, թվերը վերցվում են նախորդ ընտրություններից ու դրա վրա արվում որոշակի դատողություններ:
«Կարող են թվերը մոտ լինել, բայց, այնուամենայնիվ, որպես հստակ թիվ կարևոր է բանաձևի կիրառումը»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հարցին՝ նախորդ տարիներին կայացած հանրաքվեների դեպքում մասնակցությունն ինչպե՞ս է եղել, քաղաքացիներն ո՞ր դեպքում են ավելի շատ մասնակցում՝ խորհրդարանական, նախագահական ընրությունների, թե՞ հանրաքվեներին, Տիգրան Մուկուչրյանն ասաց. «Եթե նայում ենք Հայաստանի պատմության ընթացքում կայացած հանրավքեները, մասնակցությունը տարբեր է եղել: Այսօր, երբ դեռևս չունենք անգամ մեկնարկած քարոզարշավ, կարծում եմ՝ ժամանակավրեպ է նման ենթադրություններ անելը»:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ–ն հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կհրապարակի այսօր
- «Կամք»-ը կոչ է անում բոյկոտել հանրաքվեն
- ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
- ԿԸՀ. Հանրաքվեի նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ին
- ՀԱԿ-ն ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին
- Վիգեն Հակոբյան. Հանրաքվեի արդյունքում 650 հազար կողմ ձայն ապահովելն իշխանության համար գլխացավանք է լինելու