Քարդաշյանն օդում թողեց Փաշինյանի չելենջը
«Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն ամիս 10 հազար դրամ նվիրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել է 82 մարդ։ Նրանց մեծ մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են։
«Առցանց հետևելով մարտահրավերին, մենք հաշվարկել ենք 82 հանրային գործիչ, սակայն այս թիվը վստահաբար ավելին է, քանի որ մեր հայրենակիցները միշտ չէ, որ կիրառում էին #ArmeniaFundChallenge հեշթեգը, ինչը բարդացնում է ամբողջական պատկեր հստակ ունենալը»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնեցին հիմնադրամից՝ տրամադրելով մարտահրավերին միացածների այս ցանկը։
Չելենջին մասնավորապես միացել են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, ՔՊ-ական այլ պատգամավորներ, մարզպետներ։ Ֆեյսբուքում մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարներն այս հարցում բավականին պասիվ են եղել, օրինակ ցանկում չկան Տիգրան Ավինյանի, Ռուստամ Բադասյանի, Էրիկ Գրիգորյանի, Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի, Հակոբ Արշակյանի և այլոց անունները։
Ուշագրավ է, որ նվիրատվությանը միացել է ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Գործադիր մարմնի ղեկավարի մարտահրավերին, ըստ հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, չեն արձագանքել ակտիվ ՔՊ-ականներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մարտահրավեր էր նետել աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին և Քիմ Քարդաշյանին։
«Սերժ, առաջին չելենջն ուղղված է քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ՝ դու բանկային քարտ ունես, և ամեն ամիս 10 հազար դրամ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, հարգելի Քիմ, ես դիմում եմ ձեզ, 22 դոլար, Քիմի դեպքում թող գեղեցիկ թիվ լինի, ամեն ամիս փոխանցվի հիմնադրամին։ Եվ երրորդը՝ Ալեքսիս Օհանյանին։Ալեքսիս, եղբայր, ես չելենջ եմ անում ձեզ, որ Himnadram.org կայքում կարգավորումներ անեք, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամին: Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենն անեք հրապարակային ու դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք ևս 3 հայի և այդպես շարունակ: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե, որը կծառայի Հայաստանի ու Արցախի նաև սփյուռքի հզորացմանը»,-ասել էր Փաշինյանը։
Նրա կոչին լիարժեք արձագանքել էր միայն Սերժ Թանկյանը, նա երեք ընկերների էր նշել՝ առաջարկելով միանալ նախաձեռնությանը։ Ալեքսիս Օհանյանը բավարարվել էր խոստումով, որ ամեն ամիս կփոխանցի գումարը, իսկ Քիմ Քարդաշյանն օդում կախված էր թողել Փաշինյանի չելենջը։ Չարձագանքելու փաստը հաստատեցին նաև հիմնադրամից։
Հարցին, այսօրվա դրությամբ քանի՞ մարդ է ամեն ամիս փոխանցում 10 հազար դրամ, հիմնադրամից Panorama.am-ին ասացին. «Նվիրատվությունների մասին ամբողջական տեղեկությունը հրապարակվում է ամեն տարի հիմնադրամի տարեկան հանդեսում, որը հասանելի է հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ։ Այս տարի հոգաբարձուների խորհրդի նիստը կկայանա մայիսին։ Միայն առցանց նվիրատվությունների մասով, հիմնադրամի կայքում այս պահի դրությամբ գրանցված է 3448 նվիրատու, որոնցից 1458- ը միացել են մեկ գավաթ սուրճի, այն է պարբերական նվիրատվությունների համակարգին, իսկ մնացյալն ընտրել են մեկանգամյա նվիրատվության տարբերակը։ Պարբերական նվիրատվությունների գումարները տարբեր են՝ 10,000 դր, 15,000 դր, 23 ԱՄՆ դոլար, 25 ԱՄՆ դոլար, 10 եվրո, 30 եվրո և այլն»։
Մայիսին հիմնադրամի կայքում, խոստանում են, կհրապարակվի նվիրատուների ցանկը։
Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի գնահատմամբ, ԱՄՆ Արևմտյան ափի տարածքային մարմնի առցանց նվիրատվությունները աննախադեպ էին այս տարի։ Վարչապետի կոչից հետո հիմնադրամի տարածքային մարմնի կայքը գրանցել է շուրջ 1550 նվիրատու, որոնք գեներացրել են շուրջ 250-260 հազար ԱՄՆ դոլար գումար։
Ի դեպ, փետրվարի 12-ի դրությամբ հավաքագրվել է 11,155,985 ԱՄՆ դոլար, որը դեկտեմբերի սկզբին հայտարարված թվից ավել է 920.138 ԱՄՆ դոլարով։
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին»»։ Հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում։
Հ.Գ.Հրապարակումից մի քանի օր անց «Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնեցին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միացել է մարտահրավերին։
«Մեր բացթողումն է, որ տիկին Լենա Նազարյանի հրապարակային մասնակցությունը, վրիպել է Ձեզ տրամադրված ցուցակից»,- մասնավորապես նշեցին հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից
- Գևորգ Լոռեցյանի լիազորությունները դադարեցված չեն
- Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանավորվել է
- Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը
- «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում նախորդ տարվա համեմատ քիչ գումար է հանգանակվել
- Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն ընդունել են Նիկոլ Փաշինյանի «չելենջը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան