Գիտնականները գտել են ծնվելուց անմիջապես հետո աուտիզմ ախտորոշելու միջոց
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի բժշկական համալսարանի մասնագետներն իրականացնում են արյան հետազոտությամբ աուտիզմ ախտորոշելու փորձ՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Վաղ շրջանում երեխայի մոտ հայտնաբերելով այն նյութափոխանակիչներն ու տարրերը, որոնք կարող են աուտիզմի ախտանշան լինել, բժիշկները հնարավորություն կունենան ավելի արդյունավետ բուժում իրականացնելու։
Ծննդաբերությունից անմիջապես հետո արյան անալիզի միջոցով գենետիկ խանգարումների ախտորոշումը սովորական պրակտիկա է Միացյալ Նահանգներում: Հետազոտողները ենթադրում են, որ այդ հետազոտության միջոցով հնարավոր է նաև աուտիկ հակվածության մասին ինֆորմացիա ստանալ։
Չնայած աուտիզմը բնածին հիվանդություն է, գեները դրա մեջ առաջնային դեր չեն խաղում, հետազոտողները նշում են, որ առողջ մարդիկ ևս, ենթարկվելով որոշակի մուտացիաների, հաճախ ունենում են այդ հիվանդությունը: Հետևաբար, գիտնականները կենտրոնացել են ավելի քան 600 նյութափոխանակիչների և այլ միացությունների վրա, որոնք կարող են ազդել գենի վրա:
Գիտնականներն ուսումնասիրելու են նաև 400 քիմիական նյութեր, որոնք կարող են ազդել պտղի զարգացման վրա հենց ձևավորման շրջանից սկսած։
Հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն մինչև 2021 թվականի վերջ։