Սողանքի հետևանքով Վանաձորի բնակչության 60 տոկոսն ու հարակից 13 գյուղեր ջուր չունեն
Երեկ երեկոյան վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ տրամագծով մայրուղային ջրատարը, որով պայմանավորված դադարեցվել է Վանաձորի սպառողների մոտ 60 տոկոսի և հարակից 13 բնակավայրերի ջրամատակարարումը:
Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից հայտնում են, որ տագնապով ոտքի է հանվել տեղամասի ողջ աշխատակազմը:
Ու քանի որ վթարի պատճառով փակվել էր ջրատարին հարակից Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ճանապարհը, առաջին հերթին ձեռնարկվել են միջոցներ ճանապարհը մաքրելու ու երթևեկությունը վերականգնելու նպատակով: Վեոլիային այստեղ զգալի օգնություն է ցույց տվել «Լոռի» ճանշինը, տեղում եղել են ու մշտապես հետևել տարվող աշխատանքներին ՀՀ ԱԻՆ-ի, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները:
Դրանից հետո սկսվել է բուն վթարի վերացումը, որի պատճառը թերևս սողանքն է եղել: Արդեն երրորդ անգամ վերջին տարիներին: Խողովակներն այստեղ իրարից հեռացել են մոտ 15 սմ, ավելին, վերջիններս նաև զգալի դեֆորմացվել են, ինչը դժվարեցնում է աշխատանքը:
Ընկերության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ողջ գիշեր տրակտորների և «դվիժոկների» լուսարձակների լույսի ներքո «Լոռի» տեղամասի մասնագետները, իրար հաջորդելով աշխատել են:
«Հույս կա, որ 5-6 ժամից խողովակաշարը կվերագործարկվի, իսկ ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի մոտ 10 ժամից. Շատ ավելի շուտ, քան հայտարարվել է»,-ասված է ընկերության հայտարարության մեջ։