Երևանի կրկեսը դեռ կառուցում ու կառուցում են
Շուրջ 9 տարի է, Երևանը կրկես չունի: 1962 թվականից գործող կրկեսի շենքը քանդվեց՝ նորը կառուցելու համար: Տարբեր ժամկետներ էր նշվում, թե երբ շենքը կհանձնվի շահագործման, սակայն այդպես էլ մինչ այժմ այնտեղ աշխատանքներ են ընթանում:
Panorama.am-ին Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն ասաց, որ նոր շենքն արդեն կանգուն է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Նա նշեց, որ ամեն ինչ արվում է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին շենքը հանձնելու համար: Ս. Պետրոսյանի խոսքով, շենքի ներսում շատ գործ կա անելու:
«Կրկեսի շենքի կառուցումը հեշտ չէ: Մոսկվայից, տարբեր երկրներից մասնագետների են կանչում, ամեն մի քանի վրա աշխատում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Նշվում է, որ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Հին կրկեսից
Տեսանյութն ու լուսանկարները՝ Երևանի կրկեսի կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Կրկեսին սպասելիս
- Երևանի պետական կրկեսը դեռ մեկ տարի էլ հանդիսատես չի ընդունի
- Երևանի կրկեսը 2017-ին կհանձնվի շահագործման. նախարար
- Երևանի կրկեսը կբացվի մինչև 2016 թվականի վերջ. Ս. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան