«Ժողովուրդ». 2.5-2.7 մլրդ դրամ՝ հանրաքվեի անցկացման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են իրականացնում՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը։ Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում:
ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, եւ դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել. ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018թ.-ին ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։