Թույլ չենք տալու, որ մի քանիսի պագոնի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն. Կարապետյանց
«Մեր զինվորն այսօր սահմանին կանգնած է գնդակի տակ, ու պարզ չի՝ որ կողմից է այդ գնդակը ստանալու»,- կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նշեց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահերին։
Նա նշեց, որ բանակում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, և հայ զինվորները խաղաղ պայմաններում մահանում են՝ ոչ հակառակորդի գնդակից։
«2018 թվականի հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց այնտեղ ոչինչ չէր լինում։ Բանակում արտառոց ոչինչ չէր լինում նաև հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ երերուն վիճակում էր։ Էս ի՞նչ է կատարվում վերջին 40 օրվա մեջ։ Հարցը պիտի բացատրություն ունենա, և մեզ պետք է պատասխանեն ՀՀ պաշտոնատար անձինք, որևէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել»,- ասաց Կարապետյանցը։
Փաստաբանը նշեց, որ քաղաքացիների փոքր խումբ հայտարարություն է տարածել, որով դատապարտում են զինվորների շարունակական ինքնասպանությունների դեպքերը.
«Դատապարտում ենք այդ դեպքերի վերաբերյալ քաղաքական, իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունն ու լռությունը։ Դատապարտում ենք գործի թերի բացահայտումն ու կոծկումը։ Պահանջում ենք կառավարության հերթական նիստից անմիջապես հետո հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ։ Այս պաշտոնյաները պետք է բացատրություն տան՝ որն է պատճառը, որ մինչև այսօր բանակում սպանության որևէ դեպք չի բացահայտվել։ Եվ երբ դատախազության ներկայացուցիչները տարբեր հանդիպումների ընթացքում նշում են, թե սպանությունների գործերի 90 տոկոսը բացահայտված է, ստում են. դրանք կամ թերի են բացահայտված, կամ առհասարակ բացահայտված չեն»։
Կարապետյանցը հայտնեց, որ բանակում մահերի թիվն ավելանում է, քանի որ սպանության նախկին դեպքերի մեղավորները պատժված չեն։ Ըստ նրա, բանակում սպանությունների դեպքերի առիթով հարուցված բոլոր գործերն ունենում են նույն ճակատագիրը, կա ստանդարտ սցենար, որից ոչ դատախազությունն է շեղվում, ոչ՝ իրավապահ մարմինները։
«Ինչո՞ւ էս սպանություններից հետո որևէ պաշտոնյայի հեռացման մասին չլսեցինք, ինչո՞ւ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա։ Էս ամեն ինչի մեղքը բարդվում է հասարակության վրա, հիմա նոր թեզ են գտել՝ արու զավակ ունեցող ցանկացած մարդ քրեական ենթամշակույթ կրող է, ու իր երեխային դաստիարակում է՝ որպես օրենքով գողի։ Ու էդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է գնալ ու բանակը կազմաքանդել, իր բարքերն էլ ստիպել։ Պարո՛ն Փաշինյան, եթե Ձեր կառավարությունում լինի մարդ, ով քրեական բարքեր կրի, գա և ձեր մինիստրներին էդ կարգերով առաջ տանի, դուք նրան կարգի չե՞ք հրավիրի։ Բա ո՞նց է լինում, որ քրեական էլեմենտ կրող մի քանի 18 տարեկան կարողանում է բանակը կազմաքանդել։ Չի կարող նման բան լինել»,- ասաց Կարապետյանցը։
Նա նշեց, որ քանի դեռ կառավարությունը բանակում գրանցվող մահերի համար մեղքի իր բաժինը չի ընդունում, էլի են լինելու զոհեր. «Իսկ մենք էդ զոհերի համար ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ՝ ցանկություն։ Թույլ չենք տալու, որ մի քանիսի պագոնի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Չկա տենց բան։ Մի ստիպեք, որ ավելի կոշտ քայլերի գնանք, մի ստիպեք, որ փողոց դուրս գան պոտենցիալ զորակոչիկների մայրերը»։
Ըստ Կարապետյանցի, պաշտպանության նախարարը, ռազմական ոստիկանության պետը և գլխավոր շտաբի պետը անձամբ պետք է գնային բոլոր այն զորամասեր, որտեղ սպանության կամ ինքնասպանության դեպք է եղել, ու մինչև չբացահայտեին էդ գործերը, պիտի տուն չգային։
«Մենք առաջարկներ ունենք, օրինակ՝ հոգեբանների թիվն ավելացնել, մաքրել սպայական անձնակազմը։ Կան զորամասեր, որոնց անունները երբեք չենք լսել, քանի որ նման բաներ չեն լինում։ Էդ ո՞նց է, որ մի զորամասում սպանություն երբեք չի լինում, մյուսում՝ ամենամեծ թվով դեպքերն են գրանցվում։ Գտեք հիվանդ զորամասերը և բուժեք, չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել։ Սա անվտանգություն չի իրականում»,- ասաց Կարապետյանցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան