«Վայքգոլդ»-ը դատական հայց է ներկայացրելու «Վայկ-ինվեստ»-ի դեմ
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Վայոց ձորի Ազատեկ համայնքում հերթական հանրային լսումը՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ։ Նախաձեռնողը «Վայկ ինվեստ ՍՊԸ-ն էր։
«Քննարկումը տեղի է ունեցել ոտքի վրա, մասնակցել է Ազատեկ գյուղից շուրջ 100 բնակիչ»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց Վայքի «Աշխատանք և հայրենիք » ՀԿ նախագահ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը:
Նշենք, որ գյուղը ունի 450-500 բնակչություն: Խոշորացված Վայք համայնքի ամենախոշոր գյուղերից է : Ղազարյանը, ով ևս մասնակցել է հանրային լսմանը պատմեց, որ ուղղորդվածություն է նկատել:
«Համայնքի ղեկավարի ազդեցության դաշտում գտնվող մարդիկ էին, ովքեր որ կողմ էին շահագործմանը: Նույնիսկ, մի ծեր մարդ կար, երկար ժամանակ գրիչը բռնել կանգնել էր, բայց տեսավ գյուղապետն ուշադիր նայում է, կողմ քվեարկեց, թեև կարմրել էր»,-ասաց նա:
Նախորդ քննարկումները, որն այն ժամանակ անցկացրել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ն, տեղի են ունեցել Վայք քաղաքում: Այնտեղ բնակիչների մի մասը պայքար էր սկսել և երկու անգամ տապալել հանրային լսումները: Նախկին ընկերությունը Ազատեկում ևս գաղտնի կերպով անցկացրել է քննարկում, բնակիչների մի մասն այն ժամանակ էլ դեմ չի եղել: Սակայն Վայքում լսումները տապալելուց հետո ընկերության լիազորությունները դադարեցվել են: Փոխարենը եկավ նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Ընկերությունը Զառիթափ համայնքում ևս հանրային լսում իրականացրել է, սակայն մերժվել է բնակչության կողմից: Իսկ ահա Ազատեկում ՝ 44 կողմ, 42 դեմ ձայների համամասնությամբ հանրային լսումը համարվեց կայացած: Ռուզան Ղազարյանի կարծիքով ընկերության համար ոչ այդքան էական չէ, թե քանի հոգի է կողմ կամ դեմ, այլ այն փաստը, որ անցկացվել է հանրային լսում:
Այսուհանդերձ, ողջ հանրային լսման ընթացքն ուղեկցվել է մեկ հետաքրքիր իրադարձությամբ : «Վայքգոլդ» ընկերության ներկայացուցիչը ևս ներկա է եղել հանրային քննարկմանը: Ներկաները կարծել են, որ նորստեղծ ընկերության հետևում նույն մարդիկ են, պարզապես անունն է փոխված:
«Հենց սկզբում մտածեցինք, փաստորեն սրանք նույնն են , անունը փոխել են ու նոր անունով եկել են մեզ ներկայանում: Բայց բանից պարզվեց, որ այստեղ բոլորովին այլ իրավիճակ է: Քննարկաման ժամանակ «Վայքգոլդ» -ի ներկայացուցիչը հարց ուղղեց «Վայկ-ինվեստ»-ին, թե ինքն աշխատե՞լ է իրենց մոտ:
Պատասխանը եղավ դրական, որ այո, աշխատել է: Հետո «Վայքգոլդ»-ի ներկայացուցիչը ասաց, որ դուք աշխատել եք մեր մոտ, գողացել եք մեր փաստաթղթերը և մեր բիզնեսի գաղտնիքները փոխանցել եք «Վայկ-ինվեստ»-ին, հիմա որպես տնօրեն եկել եք ներկայանում եք: Նա ասաց նաև, որ գործը ավարտուն չի և իրենք դիմել ենք դատարան: Բացի այդ, այս քննարկումը, որ դուք սկսել եք դա լրիվ անօրինական է»,- պատմեց Ղազարյանը:
ՀԿ ներկայացուցչի խոսքով ՝ երկու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են բանավիճել: Բոլոր դեպքերում դեռևս երկու հանրային լսումներ առաջիկայում սպասվում են: Իսկ թե դատական գործընթացները կլինե՞ն շրջադարձային նորաստեղծ ընկերության համար, թե՞ ոչ , ցույց կտա հետագա զարգացումները:
Ինչ վերաբերում է Ազատեկի բնակիչների կողմ քվեարկած հատվածին, ապա նրանց հետաքրքրել է միայն աշխատատեղի խնդիրը և որոշ սոցիալական խոստումներ, որ տվել է ընկերությունը: Սակայն կան մի շարք գործոններ, որոնք չեզոքացնում են այդ տարածքում հանքավայրի շահագործման հնարավորությունները:
Նախ Ռուզան Ղազարյանը կիսվեց իր մտահոգությամբ ՝ այնտեղ բացի արժեքավոր մետաղներից կա նաև ուրանի զգալի պաշար: «Խորհրդային տարիներին թերևս ուրանի առկայությունն է եղել պատճառը, որ այդտեղ հանք չի շահագործվել»,-ասաց նա:
Բացի այդ, Ազատեկի բրածո ֆլորան գրանցված է բնության հուշարձանների ցանկում: Այսինքն ՝ տեղանքն ինքն իրենից մեծ արժեք է ներկայացնում: Այնտեղ կան նաև տասից ավելի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:
Վայքի բնակչի խոսքով ՝ անմիջապես հանքավայրի տարածքի տակով հոսում է Արփա գետը : Չի բառացվում, որ թափոնաջրերը լցվեն հենց այդ գետը: Մինչդեռ մի ողջ մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են Արփա գետի հովտում: Սա նշանակում է , որ էական խնդիրներ կարող են առաջանալ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Իսկ Վայոց Ձորը հայտնի է գյուղատնտեսությամբ և գինեգործությամբ:
Գյուղացու աշխատանքը հողն է, հողը պետք է պահպել, որ շարունակի ապրել գյուղը: